Արթուր Սաքունց․ «Հայաստանի վարկին բացասաբար է անդրադառնում բարձրացված խնդիրները չլուծելու կամքի բացակայությունը»
06:56, May 29, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունք«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով, ունի հատուկ խորհրդատվական կարգավիճակ ԵԽԽՎ-ում եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեում:
«Եվ դեռեւս այդ կարգավիճակը ոչ ոք չի փոխել: Միջազգային այդ կազմակերպությունների կողմից կասկածի տակ չի դրվել «Amnesty International»-ի անաչառությունն ու օբյեկտիվությունը»,- Aravot.am-ին ասաց Ա. Սաքունցը՝ հակադարձելով բլոգեր Տիգրան Քոչարյանի պնդումներին, թե նշված կազմակերպությունը վաղուց կորցրել է օբյեկտիվությունն ու միայն պատվերներ է իրականացնում: Այս կազմակերպության 2013 թվականի զեկույցը, պարոն Սաքունցի գնահատմամբ, Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ճիշտ պատկերն է ներկայացրել, բայց որոշ առումով մի քիչ ավելի մեղմ է նկարագրել. «Լրիվ ճիշտ է: Մենք ենք ասել: «Amnesty International»-ը բնականաբար տարբեր աղբյուրներից է տեղեկատվությունը ստանում ու համադրում, բայց դա նորությո՞ւն էր, այդ կազմակերպությո՞ւնը պետք է ասեր, որ մենք տեսնեինք ու նկատեինք այն ամենը, ինչ տեղի ունեցավ: Մեր կողքին չէ՞ դա կատարվել: Մայիսյան ընտրությունների գնահատականների վերաբերյալ կասեմ՝ նույնիսկ մեղմ է մոտեցել: Հայաստանում մեկ կուսակցական համակարգ է, երբ փասատացիորեն ՀՀԿ-ն, տասնութ տարի գտնվելով իշխանության ղեկին, չգիտես ինչ ճանապարհով կուտակել է մեծ սեփականություն եւ պարբերաբար տիրապետելով վարչական ռեսուրսները, մոնոպոլ դիրքում է գտնվում: Քաղաքական մրցակցությունը, ի սկբանե, արդեն իսկ բացակայում է: Մրցակցությունը միայն նախընտրական փուլում՝եթերների տրամադրման, հավասար լուսաբանման եւ այլն իմիտացիոն մրցակցություն է: Բուն մրցակցությունը միջոցների հավասարության տեսակետից հավասար չեն: Այս կազմակերպության գնահատականը, որ նկարագրում է վիճակը համաձայն եմ, բայց ես ավելի խիստ կտամ»: Պարոն Սաքունցի խոսքերով, Հայաստանի վարկին բացասաբար է անդրադառնում ոչ թե միջազգային կազմակերպությունների նման գնահատականները, այլ Հայաստանում բարձրացված այդ խնդիրները չլուծելու կամքի բացակայությունը:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/05/28/248399/