Արթուր Սաքունց. «Աստված է մարդուն այդպես ստեղծել՝ ինքը կարող է իր կենսաբանական սեռից զատ այլ կողմնորոշում ունենալ»
05:41, September 11, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Խտրականության արգելում, Մտքի, խղճի և կրոնի ազատություն | Տեղական ժողովրդավարություն«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների» մասին օրենքի վերաբերյալ զրուցեցինք նաեւ իրավապաշտպան, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցի հետ:
-Պարոն Սաքունց, Շիրակի թեմի հոգեւոր առաջնորդի կարծիքով, օրենքը ոչ այնքան կնոջ եւ տղամարդու իրավահավասարությանն է վերաբերվում, այլ սեռական այլ կողմնորոշում ունեցող անձանց:
-Ինքը մի հասկացություն է օգտագործում, որ չեմ հասկանում՝ սեռական կողմնորոշում ունեցող անձ: Անձը միշտ էլ ունի սեռական կողմնորոշում: Ցանկացած գիտական ուսումնասիրության մեջ «գենդեր» բառը ձեւակերպված է որպես սոցիալական ձեռքբերովի վարքագիծ: Օրենքի նպատակն է՝ տղամարդկանց եւ կանանց իրավահավասարությունը եւ, ըստ իրենց սոցիալական վարքագծի՝ կողմնորոշումներ ունենալը: Եթե օգտագործում եք ֆիզիկա, քիմիա, մոլեկուլ բառերը, պետք է ասենք մոլեկուլ բառը մեր ազգային շահերին չի՞ համապատասխանում: Նման հարձակումներն ուղղակի հետադիմական մոտեցումների արդյունք են: Նույնպես եւ գիտության նվաճումները որոշ հետադիմական ուժերի կողմից միշտ էլ դարձել են մանիպուլյացիայի առարկա: Ժամանակին կաթոլիկ եկեղեցին Գալլիլեյին ստիպում, ասում էր՝ չէ, որ չէ, արեգակն է պտտվում երկրի շուրջը, դու իրավունք չունես ասելու, որ երկիրն է պտտվում արեգակի շուրջը:
-Սրբազանն ասում է, որ մեր երկրում չի կարող կիրառվել նման օրենք, քանի որ հասարակությունը պատրաստ չէ դրա ընդունմանը եւ չենք կարող թույլ տալ, որ, ասենք, մանկապարտեզի դաստիարակն այլ սեռական կողմնորոշում ունենա:
-Բայց նա ո՞վ է, որ նման բան ասի, որ թողնես, հասարակությունը երբեք ազատ չի լինելու, եթե նրան փակ համակարգերի, խավարի, տգիտության մեջ պահես: Օրենքի կիրառման թույլ տալը կամ չտալը որոշում է պետությունը: Տեսակետների պայքար կարող է լինել, բայց ըստ սեռային պատկանելության, գենդերային պատկերացումների, այլատյատություն չի կարող լինել: Ես շատ մեծ հարգանք ունեմ Սրբազանի նկամամբ, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին է որոշում կայացնողը՝ օրենքը պետք է կիրառվի, թե ոչ: Թող եկեղեցական մանկապարտեզ ստեղծեն, մարդիկ էլ որոշեն, թե որն են նախընտրում գնալ: Պետության ստեղծած մանկապարտեզներում երեխաների դաստիարակությանը եկեղեցին ընդհանրապես խառնվելու իրավունք չունի:
-Ըստ որոշ կարծիքների, գենդերային հավասարությունը նախապես նշանակել է երկու սեռերի միջեւ ներդաշնակություն, բայց այսօր դրա անվան տակ մեզ այլ բան են մատուցում: Օրինակ, Միքայել եպիսկոպոս Աջապահյանը գտնում է, որ կան ոլորտներ, որոնք կմնան զուտ կանացի կամ տղամարդկային:
-Գենդերային պատկերացումները մարդկանց հասարակական խնդիրների լուծման ժամանակ կարեւոր նշանակություն ունեն, եւ մարդիկ, ըստ իրենց սեռային պատկերացումների, չպետք է սահմանափակվեն եւ խոսքը զուտ ֆիզիոլոգիական, սեռային հատկանիշներով ներդաշնակության մասին չէ: Մարդկությունն այնքան առաջ է գնացել, որ ճանաչում է մարդկային հասարակության ծագման պահից գոյություն ունեցող խնդիրները: Օրինակ, Կոմայգին, ուզենք-չուզենք՝ կա: Տղամարդ եւ կին հասկացողություններն ի սկզբանե տրված են, բայց չեն կարող կանխորոշել անձի հետագա սոցիալական վարքագիծը: Ասենք, թե կինը որոշում է զբաղվել ծանրամարտով, չպե՞տք է զբաղվի:
-Սրբազանի կարծիքով, նման օրենքի ընդունման կարիք չկար եւ այն դրսից է ներմուծվել, օրենքի ընդունումն անլրջության հետեւանք է:
-Նրա կարծիքն իշխանության մոտեցումների վերաբերյալ ճիշտ է. երբ իշխանությունը այս կամ այն օրենքը եւ որոշումն է ընդունում, չի հասկանում, թե դրանց էությունը որն է, բայց համաձայն չեմ, թե օրենքը ներմուծվել է, մեր վզին փաթաթվել է մի կարգ, որի անհրաժեշտությունը մեր հասարակության մեջ չկար: Կան խնդիրներ, որոնք ոչ թե պետք է արգելել, այլ կարգավորել: Եթե Սրբազանի փիլիսոփայության շրջանակներում ասենք, դրանք տրված են Աստծո կողմից: Աստված է մարդուն այդպես ստեղծել, որ ինքը կարող է իր կենսաբանական սեռից զատ նաեւ այլ կողմնորոշում ունենալ: