Արթուր Սաքունց. «Եհովայի վկաների իրավունքները շարունակում են ոտնահարվել»
07:46, May 22, 2013 | Նորություններ | Մտքի, խղճի և կրոնի ազատությունԻրավապաշտպանը Պետդեպի 2013թ. զեկույցն օբյեկտիվ է համարում
«ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի զեկույցը` համաձայն որի Հայաստանում կրոնական փոքրամասնության ներկայացուցիչները խտրականության են ենթարկվում, օբյեկտիվ է»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոն մայիսի 20-ին հրապարակել է աշխարհի 199 երկրներում և տարածքներում կրոնական ազատության վիճակի վերաբերյալ ամենամյա՝ 2013թ. զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: Զեկույցում նշվում է, որ Եհովայի վկաների հաղորդագրության համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում իրենց կազմակերպության 31 անդամներ ազատազրկվել են՝ կրոնական նկատառումներով պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից հրաժարվելու պատճառով: «ՀՀ այլընտրանքային ծառայության մասին» օրենքը չի ապահովում այլընտրանքային ծառայության իրականցումը, հենց այդ պատճառով էլ մենք այդքան շատ գործեր ենք ունենում Ստրասբուրգի դատարանում»,- նշեց իրավապաշտպան Սաքունցը: Ինչ վերաբերում է ԱԺ «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթն ընդունելուն` Ա. Սաքունցը կարծում է, որ կատարված փոփոխությունների դեպքում օրենքը շարունակում է մնալ խոցելի:
Աղբյուրը՝ http://www.mamul.am/am/news/36558/