Արթուր Սաքունց. «Ինքնիշխանությունը զիջել պատրաստ լինելը հակասահմանադրական քայլ է»
10:06, September 23, 2013 | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն«Հանուն իրենց իշխանության պահպանման ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը զիջել պատրաստ լինելը հակասահմանադրական քայլ է և պետական դավաճանության մեղադրանքի առաջադրման հիմք»,-Aravot.am-ի հետ զրույցում գնահատական տալով ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի այն կարծիքին, թե «Մենք պետք է պահպանենք մեր անկախությունը, բայց ընդհանուր հարցեր լուծելու համար անկախության որոշ մասեր, ատրիբուտներ կարող ենք զիջել այնպես, ինչպես աշխարհում պետություններն են անում՝ իրենց անկախության մի փոքր մասը զիջելով ու միություն ստեղծելով», այսպես արտահայտվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Նա նշեց, թե պետք էր կարդալ փաստաթուղթը, հետո կարծիք հայտնել. «Եթե գոնե ուսումնասիրեին Եվրասիական տնտեսական միության հիմնադիր փաստաթուղթը , ապա կտեսնեին, որ այդ փաստաթղթում արժեքային որևէ համակարգ, որը համապատասխանում է մեր Սահմանադրության 1-ին հոդվածին, այն է՝ ժողովրդավարական, իրավական, սոցիալական ինքնիշխան պետություն, չկա»:
Պարոն Սաքունցը անդրադարձավ նաև Մաքսային միության անդամ երկրների` որոշում կայացնելու իրավասություններին ու նշեց. «Եվրասիական տնտեսական միության վերազգային, վերպետական մարմինների կողմից որոշում կայացնելիս առաջնային դերակատարություն ունի ՌԴ-ի դիրքորոշումը, քանի որ ձայները բաշխվում են `40 ՌԴ, 15 Ուզբեկստան, 15 Ղազախստան, 7.5 Տաջիկստան, 7.5 Կիրգիզիա:
Այսինքն` ՌԴ-ն ունի ակնհայտ գերակշռություն: Վերպետական մարմինների որոշումները պարտադիր են անդամ երկրների համար: Մտնելով այդ միության մեջ` մենք ոչ թե ինքնիշխանության կամ անկախության տարրեր ենք զիջում, այլ անկախությունից զրկվում: Դու ամբողջությամբ պետք է ենթարկվես այդ վերպետական մարմնի որոշումներին, որում առաջնային տեղ ունի ՌԴ-ն: Այս տեսանկյունից Մաքսային միության մեջ մտնելու գործընթացը ակնհայտորեն հակասում է ՀՀ սահմանադրության առաջին և երկրորդ հոդվածներին»:
Մեր այն դիտարկմանը` եթե մինչև այժմ իշխանական թևից այսպես բացահայտ չէին խոսում անկախության տարրերի կորստի մասին, ապա հիմա արդեն բարձրաձայնում են, սա նշանակում է՝ հասարակությանն ինչ-որ բանի՞ են նախապատրաստում, պարոն Սաքունցը պատասխանեց. «Իշխանական թև հասկացություն գոյություն չունի: Կա մի անձ, որը միանձնյա որոշում է կայացնում, ինքն է իշխանության թևը, գլուխը, վիզը, մարմնի մնացած մասերը: Մնացածներն ընդամենը սպասարկում են նրա գործողությունները կամ քմահաճույքները:
Այսպիսի մոտեցումը, երբ մարդն առանց խորհրդակցելու, կարծիք հաշվի առնելու որոշում է կայացնում, հետո գալիս հետին թվով բացատրում, ու դա ընդունում են, պոլիտբյուրոյի ժամանակների մասին է խոսում: Դա խոսում է այն մասին, որ այդ ստրկական վիճակը` ենթարկվել տիրակալին կամ առաջնորդին, տիրապետող հոգեբանություն է այն խմբում, որոնք միայն սպասարկուներ են»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/09/23/388527/