Արթուր Սաքունց. Թելը կարող են կտրել, եւ կունենանք տխուր վիճակ
06:07, November 28, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Սեպտեմբերի 3-ին արած հայտարարությունից հետո Մաքսային միությանը, Աստված հեռու տանի, անդամագրվելուց հետո, ՆԱՏՕ-ի Անհատական գործողությունների ծրագիրը Հայաստանում դադարեցվելու է: Հայաստանի արտաքին գործերի նախարարը արդեն հայտարարել է՝ մենք կյանքում չենք անի որևէ արտահայտություն, որը դեմ է մեր դաշնակցին»,- այսօր «ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն, որպես պաշտպանության ժամանակակից մոդել» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ Ռուսաստանը, հանդիսանալով Սովետական Միության իրավահաջորդը, հավակնություն ունի այսօրվա իր քաղաքականությամբ վերականգնելու նախկին Խորհրդային միության իր կարգավիճակը: Սաքունցի խոսքով՝ այն երկրի քաղաքական ղեկավարությունը, որը հանդես է գալիս որպես Խորհրդային միության վերականգնման հավակնորդ, այսօր հանդիսանում է Հայաստանի անվտանգության երաշխիքը, ինչն աբսուրդ է:
«Ինչքանո՞վ է դա տրամաբանական և ինչքանո՞վ է դա ելնում Հայաստանի Հանրապետության՝ որպես անկախ պետության, ազգային անվտանգության շահերից»,- հարցադրում արեց նա:
Սաքունցը նշեց, որ ՆԱՏՕ-ն՝ որպես քաղաքական դաշինք, խնդիր ունի ամեն անգամ որոշելու, թե անդամ բոլոր երկրների համար որն է ամենամեծ սպառնալիքը: Եթե թեկուզ մեկ երկիր գտնի, որ այդ սպառնալիքն իր համար սպառնալիք չէ, այդ որոշումը չի ընդունվում: Այսինքն՝ այդ կառույցում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, կառույցն էական ձգտում ունի, որ իրական բարեփոխումներ կատարվեն, որպեսզի արտաքին մարտահրավերները հեշտ հաղթահարվեն: Այդ տեսակետից, Արթուր Սաքունցի խոսքով, կարևոր է ՆԱՏՕ-ի հետ Հայատսանի սերտաճումը:
Արթուր Սաքունցն անդրադարձավ նաև ղարաբաղյան հիմնախնդրին՝ նշելով, որ դա միակ կոնֆլիկտն է, որտեղ խաղաղարար ուժեր չկան, բայց խաղաղություն գոյություն ունի: «Ես չգիտեմ, թե ինչից է առաջ գալիս խաղաղապահ ուժերի գաղափարը, ո՞վ է ուզում այնտեղ խաղաղապահ առաքելություն իրականացնել: Առանց խաղաղապահ ուժերի կա կոնսենսուս, և պատերազմ, փառք Աստծո, չկա: Հիմա եթե որոշ կողմերի դուր չի գալիս այս ռեժիմը, դա այլ հարց է: Ո՞վ է ուզում այնտեղ ինչ-որ խաղաղապահ ուժեր մտցնել, բոլորովին այլ ուսումնասիրության հարց է, բայց եթե մեր անվտանգության միակ գործոնը պայմանավորված է ռազմականով, այն էլ ՀԱՊԿ-ի շրջանակներում, ես դա համարում եմ ամենամեծ վտանգը և անվտանգության առաջին մարտահրավերը Հայաստանի համար, հենց Ղարաբաղի խաղաղության համար, որովհետև կոնֆլիկտի խաղաղ կարգավորման բոլոր մնացած բաղադրիչները դուրս են մղվում բանակցությունների սեղանից: Այսինքն՝ մենք որպես պետություն ուզո՞ւմ ենք գնալ այնպիսի մի անվտանգության համակարգ, որտեղ մի երկիր է որոշում և միայն մի գործոն՝ ռազմական, թե՞ ուզում ենք տեղավորվել անվտանգության մի մոդելի մեջ, որտեղ կան հավասար գործընկերային հարաբերություններ, և յուրաքանչյուր անդամ ունի որոշիչ ձայն»,- նշեց նա:
Սաքունցը նաև ասաց, որ մենք պետք է կարողանանք որոշումներ կայացնել՝ ելնելով մեր շահերից: «Եթե ուզում ենք մի գործոնից կախվածություն ունեցող երկիր ունենալ, այդ թելը ցանկացած ժամանակ կարող են կտրել, և մենք կունենանք շատ տխուր վիճակ: Եվ, ցավոք սրտի, միտումները գնում են դեպի այդ ուղղությամբ»,- ասաց Արթուր Սաքունցը: –
Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/politics/view/91511#sthash.Qv76hZdQ.dpuf