Արթուր Սաքունց. Պաշտպանության նախարարի գնահատականը կանխակալ էր
13:26, January 17, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժեր«Զինված ուժերում դեռևս պահպանվում է ամեն գնով գլխաքանակ ապահովելու միտումը, և երիտասարդներին զորակոչում են բանակ նույնիսկ հիվանդության առկայության պարագայում»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով բանակում վերջին օրերին արձանագրված դեպքերին:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր զինծառայող Հայկ Մակարյանի մահվանը, ինչպես նաև թոքաբորբով և ծեծված վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխված Մհեր Խլղաթյանի դեպքին և տվել մեկնաբանություններ:
Արթուր Սաքունցն ասում է, որ նախարարը նախքան այս դեպքերով փորձագիտական եզրակացությունների ստացումն իրավունք չուներ խոսելու այդ մասին:
«Պաշտպանության նախարարը Մհեր Խլղաթյանի վերաբերյալ գործով մինչև փորձագիտական եզրակացությունների առկայությունն իրավունք չուներ ընդհանրապես որևէ մեկնաբանություն տալու: Նման մեկնաբանություն կարող էր ծնողը տալ, ուրիշ մարդիկ, բայց պաշտոնատար անձը, ով ժամանակին հստակ ասել է, որ չի միջամտում պաշտպանության նախարարության քննչական ծառայության գործառույթներին, իրավունք չուներ: Իր այդ գնահատականը գնահատում եմ ժամանակավրեպ և կանխակալ, և կա փորձ նախաքննության ընթացքի վրա ազդելու: Նախարարը պետք է հաշվի առնի, որ իր կողմից հնչեցված կարծիքներն այնուամենայնիվ կարող են ազդեցություն ունենալ գործընթացի վրա: Ավելին, նախարարի հայտարարությունն ամբողջովին հակասության մեջ է մտնում զինծառայողի մոր հրապարակային ներկայացրած կարծիքների հետ»,- ասաց Սաքունցը:
Ինչ վերաբերում է զինծառայող Հայկ Մակարյանի մահվանը, որը, նախարարի խոսքով, մենինգիտի հետևանք էր, Արթուր Սաքունցն ասաց. «Դեռ չկա բժշկական փորձաքննության արդյունքը, որը կհավաստեր որևէ բան, բայց նախարարը նման հայտարարություն է անում»:
Իրավապաշտպանի խոսքով՝ զինված ուժերում բժշկական ծառայության որակի հետ կապված մշտապես մտահոգություններ են հնչում, այդ խնդիրներն սկսվում են հենց զորակոչից և շարունակվում զիված ուժերում ծառայության ընթացքում:
«Զինվորն ամբողջ օրը պետության հսկողության, զինված ուժերի հսկողության տակ է: Մենինգիտը հիվանդություն է, որը միանգամից չի առաջանում, սրտի կաթված չէ: Դա ունենում է նախապատմություն, նշանակում է պատշաճ բժշկական օգնություն չի ցուցաբերվել, ինչն էլ հանգեցրել է զինծառայողի մահվանը: Մանավանդ որ ինքը նոր էր զորակոչվել բանակ»,- նշեց Սաքունցը:
Նա նշում է, որ եթե կա առողոջական խնդիր, զինվորը պետք է բուժվի, հետո զորակոչվի բանակ: «Խնդիրների նկատմամբ նման մոտեցումը ես գնահատում եմ անթույլատրելի, ավելին, այնպիսի վերաբերմունք կա, որը հանգեցնում է մարդկային արժանապատվության նվաստացմանը, որը կարող է ունենալ նաև տխուր հետևանքներ, հանձինս այս մահացության դեպքի: Եվ պատասխանատվությունն ամբողջովին ընկնում է պաշտպանության նախարարության վրա»,- ընդգծեց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը` http://www.lragir.am/index/arm/0/right/view/93685