«Արժեքային իրավիճակն այնպիսին է, որ Քոչարյանը համարձակվում է ոչ միայն երևալ, այլև գնահատականներ տալ»
12:42, January 8, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ«Երկրում արժեքային իրավիճակն այնպիսին է, որ Քոչարյանը համարձակվում է նույնիսկ երևալ, և ոչ միան երևալ, այլ նաև գնահատականներ ներկայացնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի ասուլիսի վերաբերյալ հարցազրույցին:
«Ամեն մարդ իր կարծիքն արտահայտելու իրավունք ունի, բայց հանցագործության անպատժելիությունը նպաստում է հետագա հանցագործություններին»,- ասաց նա:
Սաքունցի դիտարկմամբ՝ սա ավելի շուտ Քոչարյանի ինքնապաշտպանությունից ելնող քայլ է. «Հենց որ սկսում են փորփրել Քոչարյանի ժամանակաշրջանում կատարված որևէ իրադարձություն, ինքը շատ ցավոտ է տանում, որովհետև գիտի, որ դա կարող է հանգեցնել առնվազն քրեական պատասխանատվության ենթարկելուն: Ես ավելի շատ գնահատում եմ որպես ինքնապաշտպանությունից դրդված քայլ»:
Նրա դիտարկմամբ՝ նման վերլուծության հնարավորությունը պայմանավորված է ոչ թե կոնկրետ Քոչարյանով, այլ ստեղծված խայտառակ իրավիճակով. «Մեզ մոտ այնպիսի իրավիճակ է, որ ով ասես կարող է առանց հաշիվ տալու, թե որպես ղեկավար ինչ հանցագործություններ է կատարել պետության նկատմամբ, թույլ է տալիս իրեն հրապարակային հանդես գալ, փոխանակ ձայները կտրեն ու մնան»:
Մեր զրուցակիցը նշեց, սակայն, որ չի հավատում Քոչարյանի՝ վարչապետի կամ այլ տեսքով քաղաքականություն վերադառնալուն:
Հարցին՝ Քոչարյանը արդյոք հնարավորություն ունի՞ մոբիլիզանցնելու որոշ ուժերի՝ հատկապես նրանց, որոնք որպես քննադատության թիրախ ընտրել են ոչ թե գործող նախագահին, այլ վարչապետ Տիգրան Սարգսյանին, Արթուր Սաքունցը պատասխանեց. «Բոլոր նրանք, որոնք խոսում են վարչապետի մասին, ես համարում եմ, որ նրանք անմիջականորեն ղեկավարվում են կամ Սերժ Սարգսյանի կողմից, կամ մտածում են, որ իրենց քաղաքական գործունեությունը այդ կերպ կարող են ապահովել:
Ինչ վերաբերում է մոբիլիզացնելուն, ապա կոնկրետ ԲՀԿ-ն և Դաշնակցությունը այն ուժերն են այսօր խորհրդարանում, ովքեր Քոչարյանի օրոք կոալիցիա էին կազմում: ՕԵԿ-ին որպես միավոր լուրջ չեմ համարում, ԲՀԿ-ն ու Դաշնակցությունը բավականին լուրջ քաղաքական բազա ունեն, և ընդհանրապես ոչ մի անգամ Դաշնակցության կամ ԲՀԿ-ի կողմից գնահատական չի տրվել Քոչարյանի 10 տարվա կատարած քաղաքականությանը, նույնիսկ Մարտի 1-ի հետ կապված»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ այս ամենը ցույց է տալիս, որ Քոչարյանը ունի շատ լուրջ քաղաքական հենարան. «Նավը, երբ սկսում է խորտակվել, առնետները սկսում են դես-դեն փախչել, այնտեղ մեկն ուզում է հանդես գալ և ասել, որ կարող եմ փրկել, որ չխեղդվեն: Իմ կարծիքով՝ և՛ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ «Փաստահավաք» խմբում արձանագրված բոլոր օլիգարխները պետք է պատասխանատվություն կրեն Մարտի 1-ի համար, և թող հույսները կտրեն, որ խաղեր տալով պետք է այդ պատասխանատվությունն իրար մեջ բաժանեն, բոլորն էլ պատասխանատու են»:
Աղբյուրը՝ http://www.1in.am/arm/armenia_politics_242217.html