Արման Անտոնյանի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ գործը վճռաբեկ դատարանի վարույթում
14:24, December 25, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք2012 թ. դեկտեմբերի 14-ին ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Սուսաննա Անտոնյանի կողմից ներկայացված բողոքը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու պահանջով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հանդիսանում է Սուսաննա Անտոնյանի ներկայացուցիչը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գործը վարույթ է ընդունել և քննության է առնելու «բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ» հիմքերի շրջանակներում:
Սուսաննա Անտոնյանի որդին՝ Արման Անտոնյանը, մահացել է 2010 թ. ապրիլի 5-ին սուր լյարդային անբավարարությունից՝ կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով, /կայծակնային չարորակ/ ինչպես նաև վիրուսային հեպատիտ B-ից:
Մինչև մահը Արման Անտոնյանը չբերության գանգատով բուժման կուրս է անցել Սեքսապաթոլոգիայի վերականգնողական քաղաքային կենտրոնում:
2010 թ. հունիսի 23-ին բժշկական օգնություն, սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Սակայն 2012 թ. մարտի 30-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնի քննիչի կողմից կայացվել է քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Քննիչի կողմից կայացրած որոշումը բողոքարկվել է վերադասության, այնուհետև դատական կարգով: