Արման Ենգիբարյանի հոր և կնոջ ներկայացուցիչ փաստաբան Է. Մարուքյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
07:29, March 14, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք | Ոստիկանություն«Գարեգին Նժդեհ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի հոր` Սերգեյ Ենգիբարյանի և կնոջ՝ Անժելա Սիմոնյանի ներկայացուցիչ, փաստաբան Է. Մարուքյանը դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Սերգեյ Ենգիբարյանը և Անժելա Սիմոնյանը, դիմում ներկայացնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան` ընդդեմ Հայաստանի Հանրապետության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ակնկալում են «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի նեգատիվ և պոզիտիվ պարտավորությունների խախտման, ինչպես նաև 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 13-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման ճանաչում:
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության տվյալներով` Ենգիբարյանը կասկածվել էր 2011 թ. տարվա ապրիլ-մայիս ամիսներին Երևանում բնակարաններ ավազակային հարձակումներ կատարելու մեջ: Արման Ենգիբարյանը, չենթարկվելով ոստիկանների պահանջներին, հետապնդվել է նրանց կողմից և մարդաշատ վայրում ոստիկանների դեմ կիրառել օրինական կերպով իրեն պատկանող գազային ատրճանակը:
2011 թ. հունիսի 14-ին Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ ոստիկանները սպանել էին Արման Ենգիբարյանին` ըստ պաշտոնական վարկածի` «նախազգուշացնող կրակոցից հետո վնասազերծելով» նրան` որովայնին ու գլխին կրակելով:
Մինչև շտապօգնության գալը որևէ մեկը չի փորձել Արման Ենգիբարյանին առաջին օգնություն ցուցաբերել և նրա մարմինը արնահոսելով մնացել է հատակին ընկած այնքան ժամանակ, մինչև շտապօգնության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և Արման Ենգիբարյանին անգիտակից տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով վիրահատություն սկսելուց քիչ անց մահացել է:
2011 թվականի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, սակայն քրեական գործի վարույթը կարճվել է, քանի որ քննության ընթացքում պարզվել է, որ ոստիկանության ծառայողի գործողությունները օրինական են:
2011 թվականի սեպտեմբերի 30-ին Սերգեյ Ենգիբարյանի ներկայացուցիչ փաստաբան` Էդմոն Մարուքյանի կողմից բողոք է ներկայացվել դատարան` ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Գ. Գևորգյանի` քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ:
2011 թվականի նոյեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել` բողոքը մերժել:
2011 թվականի նոյեմբերի 11-ին Դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որը նույնպես 2011 թվականի դեկտեմբերի 20-ին մերժվել է:
Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան, որը բողոքը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:
Էդմոն Մարուքյանը Եվրոպական դատարանի իր դիմումում նշում է, որ իրավապահ և դատական մարմինները որևէ կերպ չեն անդրադարձել դիմումատուների և նրանց ներկայացուցչի կողմից վկայակոչված կյանքի իրավունքի խախտման վերաբերյալ փաստարկներին:
Էդմոն Մարուքյանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետությունն ի դեմս ՀՀ ոստիկանության աշխատակցի խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով երաշխավորված կյանքի իրավունքը:
Դիմումում ներկայացվել է նաև նախաքննության մարմնի կողմից թույլ տրված խախտում, մասնավորապես՝ ոստիկանները հարցաքննվել են դեպքից մեկ օր անց և այդ ընթացքում ոչինչ չի ձեռնարկվել նրանց միմյանցից մեկուսի պահելու համար: Նշված հանգամանքը, ապացուցվում է նրանով որ ոստիկանները գրեթե իրարից չտարբերվող ցուցմունք են տվել, որը վկայում է այն մասին, որ ոստիկանները գաղտնի համաձայնության են եկել միմյանց հետ, այնուամենայնիվ, միայն այն փաստը, որ չեն ձեռնարկվել նման համաձայնության վտանգի նվազեցմանն ուղղված համապատասխան քայլեր, հանդիսանում է նախաքննության պատշաճության էական թերություն:
Հիշեցնենք, որ Արման Ենգիբարյանի գործը Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից նախաձեռնված ռազմավարական դատավարություններից մեկն է: