ԱՐՇԱԼՈՒՅՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՄԱՍԻՆ
00:00, September 10, 2009 | ՀայտարարություններՀարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայտարարությունը
Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները խորապես մտահոգված են հայազգի իրավապաշտպան, Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանի նկատմամբ շարունակվող անօրինական և անհիմն կալանավորմամբ:
Վերջինս ձերբակալվել է 2009 թ. հունիսի 5-ին` իր ձերբակալության ժամանակ ոստիկանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու համար: Ցանցի անդամները կարծում են, որ Ա. Հակոբյանի կալանավորման իրական պատճառը կապված է ոչ միայն 2009թ. մայիսի 31-ին կայացած Երևանի քաղաքապետի ընտրություններում նրա կողմից իրականացված դիտորդական առաքելության հետ, այլ առաջին հերթին` նրա իրավապաշտպան գործունեության հետ:
Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ կալանավորվում է իրավապաշտպան, ինչն արդեն հանդիսանում է մտահոգիչ հանգամանք այն բանի, որ Հայաստանի իշխանությունները սկսել են ճնշում գործադրել իրավապաշտպանների վրա` քաղաքական ընդդիմության և քննադատական մամուլի հանդեպ միջոցներ ձեռնարկելուց հետո:
Հունիսի 12-ին Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի անդամները իրենց բողոքն էին արտահայտել Արշալույս Հակոբյանի անօրինական և անհիմն կալանավորման վերաբերյալ իրենց հայտարարության մեջ` ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Հայաստանի իշխանությունները անտարբեր վերաբերմունք դրսևորեցին վերոնշյալ հայտարարության և տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության խմբերի մի շարք այլ պահանջների հանդեպ. այն է` ազատ արձակել իրավապաշտպանին անօրինական և անհիմն կալանավորումից /Ցանցի անդամների հայտարարությունը հասանելի է http://www.hahr.am/index.php?option=com_content&task=view&id=178&Itemid=107 կայքում/:
2009թ. մայիսի 31-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/23 ընտրատեղամասի Ընտրական հանձնաժողովի նախագահը արգելել է Ա. Հակոբյանին 8/23 ընտրատեղամասում իր պարտականությունները իրականացնել: Վերջինս հանդիսանում էր ընտրությունների գործընթացում պաշտոնապես գրանցված դիտորդ: Նման գործողություններ կատարելով` Ընտրական հանձնաժողովի նախագահը խախտել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: Ա. Հակոբյանին դուրս են հանել ընտրատեղամասից և սպառնացել ֆիզկական հաշվեհարդար տեսնել նրա նկատմամբ: Ա. Հակոբյանը սույն միջադեպի մասին տեղյակ է պահել ՀՀ Գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնին և պահանջել է, որպեսզի Ընտրական օրենսգիրքը խախտողներին պատասխանատվության կանչեն:
Սույն միջադեպի առնչությամբ քրեական գործ հարուցելու փոխարեն` 2009թ. հունիսի 5-ին ոստիկանությունը ձերբակալել է Ա. Հակոբյանին: Երևանի Կենտրոն համայնքի ոստիկանական բաժանմունքում Ա. Հակոբյանը ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական ճնշման: Ոստիկանական բաժանմունքի ղեկավար Աշոտ Կարապետյանը ասել է Ա. Հակոբյանին հետևյալը. “Դու՞ ես իրավապաշտպան, յա դու, յա քո շեֆը” և թքել է Ա. Հակոբյանի դեմքին: Ինչպես նաև, Հակոբյանը նշել է, որ ծեծի է ենթարկվել ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի կողմից: Ֆիզիկական բռնության հետքերը երևում են Ա. Հակոբյանի լուսանկարներում, որոնք արվել են ոստիկանության բաժանմունքում /Ա. Հակոբյանի լուսանկարները հասանելի են http://www.hahr.am/index.php?option=com_content&task=view&id=152&Itemid=105 կայքում/:
Ա. Հակոբյանը երեք ամիս է, ինչ արդեն գտնվում է բանտում` ոստիկանության աշխատակցի նկատմամբ դիմադրություն ցույց տալու մեղադրանքով: Ըստ Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի` այս ամբողջ ընթացքում իշխանությունները չեն իրականացրել որևէ հետաքննություն, որպեսզի հաստատեն ոստիկանության աշխատակցի նկատմամբ Ա. Հակոբյանի կողմից դիմադրություն ցուցաբերելը: Նրանք նաև ոչ մի հետաքննություն չեն իրականացրել Հակոբյանի հանդեպ ոստիկանական բաժանմունքում վերջինիս ձերբակալման օրը իրականացված անմարդկային վերաբերմունքի փաստի առնչությամբ: Ավելին, այն հանգամանքը, որ Հակոբյանին դուրս են բերել ընտրատեղամասից` խախտելով իր իրավասությունները և ՀՀ Ընտրական օրենսգիրքը, դեռևս մնում է չհետաքննված:
Ա. Հակոբյանի նկատմամբ դատավարությունը տեղի է ունենալու մի քանի օրից: Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա վերջինիս սպառնում է ազատազրկում մինչև հինգ տարի ժամկետով:
Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի ներկայացուցիչները մասնակցելու են Արշալույս Հակոբյանի դատավարությանը, որպեսզի դիտարկեն դատավարության համապատասխանելիությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` մասնավորապես հոդված 18-ին / դատավարության ընթացքում իրավունքները և ազատությունները պաշտպանելու իրավունքը, որն ամրագրված է Սահմանադրությամբ/ և հոդված 19-ին /անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք/ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածին /արդար դատաքննության իրավունքը/, որը Հայաստանի համար հանդիսանում է մարդու իրավունքների վերաբերյալ պարտադիր միջազգային պայմանագիր:
Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը կոչ է անում`
Բոլոր տեղական և միջազգային մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, ինչպես նաև մամուլին իրենց ներկայացուցիչներն ունենալ դատավարության ընթացքում և մանրակրկիտ ձևով դիտարկել Արշալույս Հակոբյանի գործը:
Հայաստանի իշխանություններին`
Պահպանել և հարգել Արշալույս Հակոբյանի իրավունքներն ու ազատությունները կալանքի տակ գտնվելու ընթացքում և դատավարության ժամանակ, որոնք երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի կողմից ստանձնած մարդու իրավունքների միջազգային պարտավորություններով:
Հետաքննել ոստիկանական բաժանմունքում Ա. Հակոբյանի հանդեպ դրսևորած անմարդկային վերաբերմունքի փաստերը:
Հետաքննել միջադեպը, որը տեղի է ունեցել 2009թ. մայիսի 31-ին No. 8/23 ընտրատեղամասում, երբ Ա. Հակոբյանին և իր գործընկերներին խոչընդոտել են իրականացնել ընտրությունների գործընթացի դիտարկումները` խախտելով Հայաստանի Հանրապետության Ընտրական Օրենսգիրքը: