Արջի ծառայություն մատուցողների բանակ դարձյալ լինելու է. Սաքունց
05:45, January 9, 2013 | Նորություններ | Ընտրական իրավունք«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա. Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը հունվարի 8-ի դրությամբ ԿԸՀ-ում գրանցված միակ տեղական դիտորդական կազմակերպությունն է, որը հետևելու է 2013թ. նախագահական ընտրություններին: Այս մասին 168.am-ին հայտնեց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակի» նախագահ Արթուր Սաքունցը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ի տարբերություն նախորդ նախագահական ընտրությունների՝ 2013 թվականին իր ղեկավարած հասարակական կազմակերպության դիտորդների թիվը կիսով կրճատվել է: Նրա խոսքով՝ նախորդ ընտրություններին հավատարմագրվել էր մոտ 150 դիտորդ, իսկ այս անգամ իրենք ունեն 70 դիտորդ: Արթուր Սաքունցը, սակայն, նշում է, որ դիտորդների թվի կրճատումը պայմանավորված չէ քաղաքական գործընթացների կամ ինչ-որ խնդիրների հետ, պարզապես իրենք որոշել են փոխել մարտավարությունը:
«Մեր մեթոդիկան պարբերաբար փոխվում է՝ անգամ արդյունքների ամփոփման հետ կապված: Հիմա որոշեցինք ավելի շատ գյուղական բնակավայրերին ուշադրություն դարձնել: Վերահոսկողությունն ընտրական պրոցեսների ժամանակ գյուղական համայնքներում շատ ավելի քիչ է, և, վերջին հաշվով, ընտրական ինստիտուտի կայացումը շատ կարևոր է հենց փոքր համայնքներում»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ այս անգամ իր հասարակական կազմակերպության դիտորդներն աշխատելու են միայն Լոռու և Տավուշի մարզի ընտրական տեղամասերում՝ բաց թողնելով մայրաքաղաքը: Արթուր Սաքունցը դժվարացավ հստակ պատասխանել, թե քանի ընտրատեղամասում կհասցնեն լինել իրենց դիտորդները, սակայն նշեց, որ առնվազն 30-ից ավելի համայնքում կաշխատեն:
Հարցին, թե ինչպիսի՞ աշխատանք է սպասվում դիտորդներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատերն այս նախագահական ընտրությունները համարում են ոչ մրցակցային, Արթուր Սաքունցը նախ պատասխանեց, թե իր համար դա այնքան էլ միանշանակ չէ, և եթե անգամ այս ընտրությունները ոչ մրցակցային լինեն, ապա՝ Արթուր Սաքունցի կարծիքով, արջի ծառայություն մատուցողների բանակ դարձյալ լինելու է:
Նրա ձևակերպմամբ, կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան աշխատել հավանական հաղթող թեկնածուի օգտին՝ «ընդհանուր պիրոգից մասնաբաժին ստանալու համար»:
Արթուր Սաքունցը վստահ է, որ ընտրակաշառքի դեպքեր նույնպես այս անգամ կլինեն, քանի որ ընտրողների մի զանգված կա, որը սովորել է ընտրակաշառքին: Այնպես որ՝ եթե կա պահանջարկ, այն անպայման բավարարեվելու է:
«Անկախ նրանից՝ քաղաքական ուժերի մրցակցություն եղե՞լ է, թե՞ ոչ, մեր առաքելությունը չենք պայմանավորել դրանով: Մեր հիմնական նպատակն է, որ ընտրական պրոցեսները նախ համապատասխանեն օրենսդրությանը, ընտրախախտումները կանխարգելենք, իսկ այն խախտումները, որոնք հնարավոր չէ կանխարագելել, ապա բողոքարկման միջոցով հասնենք այդ խախտումների վերացմանը կամ պատասխանատուների բացահայտմանը և պատասխանատվության ենթարկմանը»,- ասաց Արթուր Սաքունցը:
Նա նշեց, որ լուրջ մտահոգություններ ունեն ընտրական հանձնաժողովների, վստահված անձանց, ինչպես նաև դիտորդների աշխատանքի որակի հետ կապված:
Աղբյուրը՝ http://168.am/2013/01/08/161345.html