Արտակի՞ն են դատում
07:44, July 20, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՏուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը, փաստաբաններՀրանտ Գեւորգյանը եւ Լեւոն Պողոսյանը դատարանին առաջարկեցին, յուրաքանչյուր եզրակացություն ընթերցելուց հետո, առանձին-առանձին ապացույցները հետազոտել, հետո անցնել հաջորդին: «Այդպիսի կարգ գոյություն չունի»,-մերժեց դատավոր Սամվել Մարդանյանը: Պաշտպանների դիտարկմանը, թե` ընդհանրապես կարգ չկա սահմանված, դատավորը հակադարձեց. «Ես էդպես եմ սահմանում»:
Երբ դատախազն ընթերցում էր դեպքի վայրում հայտնաբերված պարկուճի հատվածը, տուժող կողմը բարձրաձայնեց, որ ՊՆ քննչական ծառայությունը կոծկել է ճշմարտությունը: Բանն այն է, որ քննիչի եւ փորձագետի արձանագրություններում պարկուճի համարանիշը տարբեր է նշված. մի դեպքում` «6079», մյուսում` «7909»: Դատախազը բացատրեց, թե քանի որ պարկուճը կլոր է, ապա քննիչը համարն ընթերցել է ուղիղ` վերեւից ներքեւ, իսկ փորձագետը` ձախից աջ, պտույտի տրամաբանությամբ: Արդյունքում, նրա խոսքով, նիշը դիտվել է ե՛ւ որպես «60», ե՛ւ որպես «09»: Քանի որ դատավորը որոշել էր, որ եզրակացությունները պետք է հետազոտվեն եւ մեկնաբանվեն ամենավերջում, իսկ դատախազը, փաստորեն, մեկնաբանում էր, հետազոտում, դատավարության մյուս կողմերն ըմբոստացան: «Հարգելի դատավոր, դուք թույլ եք տվել, որ մեղադրողը ինչ-որ բացատրություններ տա: Խնդրում եմ, դրանք գրավոր ներկայացնի մեզ»,- ասաց իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը: Իսկ երբ դատավորը նրան արգելեց հայտարարություն անել, իրավապաշտպանը հիշեցրեց, որ ինքն ու մեղադրողը հավասար իրավունքներ ունեն: Վիճաբանություն ծագեց նրա եւ դատավորի միջեւ: Արդյունքում իրավապաշտպանի նկատմամբ դատարանը կիրառեց սանկցիա Քրդատօր.-ի 314 1 պր. հոդվածին համապատասխան եւ դուրս հրավիրեց դահլիճից: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը հայտարարեց, որ ինքն էլ է դուրս գալիս. «Դատարանն ամեն ինչ անում է, որ տուժող կողմը մեկուսանա էս գործի քննությունից, որովհետեւ միայն մեր բացակայությամբ դուք կարող եք կարագի պես անցկացնել էս գործը: Տուժող կողմը ձեր կոկորդում ծանր ոսկոր է, եւ դատախազին աջակցում եք ամեն կերպ: Ես տպավորություն ունեմ, որ էստեղ դատվում են Արտակ Նազարյանը եւ նրա ընտանիքը: Էս գործը Դուք քննում եք դատախազի համար: Եւ հենց այդ պատճառով ես ձեզ բացարկ եմ հայտնում»: Դատավորն ասաց, որ բացարկը որեւէ պատճառաբանություն չունի, որ նույնանման բացարկներ էլի են ներկայացրել, ուստի բացարկի միջնորդությունը դատարանը քննության առարկա չի դարձնում:
Մեզ հետ զրույցում Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ դատավորը թույլ տվեց դատախազին` կատարել ապացույցների հետազոտում, նրանց կողմից նախաքննության ընթացքում կատարված հանցանքը ինչ-որ ձեւով արդարացնելու համար. «Փորձագետը ստացել է իրեն ուղարկված պարկուճը, համեմատել արձանագրության հետ ու պարզել, որ տեղ է հասել այլ պարկուճ: Նա պարտավոր էր կազմել արձանագրություն, բայց այդ մասին լռել է»: Զինվորական փորձագետը ներկայացրեց մի շարք անհամապատասխանություններ, որոնք, իր խոսքով, հանցագործությունը կոծկելու մասին են վկայում: Այսպես, սկզբում Պնախարարին զեկուցել են, որ Արտակը խրամատում է մահացել, հետո խրամատը դարձրել են ժայռ: Քննիչների կողմից տեղազննության ամսաթիվը մեկ հուլիսի 27-ն է նշվում, մեկ` հուլիսի 28-ը, այսինքն` դեպքից մեկ օր հետո: Ինքնաձիգի վրա մատնահետքեր չկան: Քննիչը հայտնաբերել է Նազարյանի ինքնաձիգի թվով 3 պահունակները` 90 փամփուշտով: Միաժամանակ, տեղազննությամբ պարզվել է, որ ինքնաձիգին ամրակցված պահունակում առկա է 29 փամփուշտ, եւ եւս մեկը գտնվում է փողի մեջ: Ստացվում է, որ Նազարյանի ստացած բոլոր փամփուշտները տեղում են: Հարց է ծագում` այդ դեպքում ի՞նչ փամփուշտից է սպանվել, առավելեւս` «ինքնասպանվել» լեյտենանտը, երբ նրա ինքնաձիգում, ինչպես Մարտիրոսյանը ներկայացրեց, բոլոր փամփուշտները առկա էին:
Ընդմիջումից հետո Ծովինար Նազարյանը կրկնեց դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը. «Դուք ցայտուն կերպով կողմնակալ դիրքորոշում եք պահպանում: Դատախազին թույլատրվում է անել բաներ, որոնք արգելվում են անել մյուս կողմերին: Վկաներին հարցաքննել թույլ չեք տալիս: Կոնկրետ Արման Մնացականյանի հարցաքննության ժամանակ դուք ձեզ շատ կողմնակալ պահեցիք, հովանավորելով նրան: Տպավորությունն այնպիսին է, որ ՌՈ-ում նա վարժեցվել էր: Վկայի հարցաքննության ժամանակ զինդատախազը առարկում էր մեր հարցերին, դուք էլ ամեն անգամ կասեցնում էիք մեր հարցերը: Ա. Մնացականյանի հետ խոսում էիք քնքուշ տոնով, բայց գոռում էիք փաստաբանների վրա: Էսօր էլ` կեղծ մեղադրանքը պաշտպանող դատախազի կողմն եք բռնել: Մենք ձեզ հորդորում ենք հանուն մասնագիտական պատվի փրկության հեռանալ էս գործից, թույլ տալ, որ այն քննի ուրիշ մեկը, եւ այն ժամանակ միգուցե ազատվեք այս շառուփորձանքից»: Նազարյանը ավելացրեց, որ իրենք հասնելու են մինչեւ Եվրադատարան եւ պատասխանատվության են կանչելու ոչ միայն հանցագործներին, այլեւ` հանցագործությունը կոծկող հանցագործներին, եւ այդ հանցագործությունը կոծկելուն նպաստող հանցագործներին: Միջնորդությանը միացան բոլոր ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները: Չմիացավ միայն մեղադրող Հ. Հարությունյանը: Հաջորդ նիստը կկայանա այսօր:
Երեկվա նիստից հետո դատական կարգադրիչները Ծովինար Նազարյանին, որն այդ պահին զրուցում էր մեղադրող Հարությունյանի հետ, հրահանգեցին դահլիճից արագ դուրս գալ: Ծովինարը ուշադրություն հրավիրեց, որ ինքը զրուցում է եւ դատախազի հետ դուրս կգա: Վիճաբանություն սկսվեց, եւ երբ Նազարյանը փորձեց լուսանկարել կարգադրիչներից մեկին, վերջինս կոպտորեն խանգարեց դա անել, միաժամանակ սեղմելով Ծովինարի դաստակը: Իրավիճակը հարթեցին մյուս կարգադրիչները, փորձելով մեղմել լարվածությունը:
Գագիկ Աղբալյան
Տավուշի մարզի թղթակից
Աղբյուրը՝ http://armtimes.com/35275