Ա. Սաքունց. ՀՔԾ պետի պաշտոնանկությունը կապված է զինվորի ինքնասպանության հետ
11:04, May 25, 2013 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժեր«Քանի դեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հիմնավոր ներկայացված չեն Հատուկ քննչական ծառայության նախկին պետ Անդրանիկ Միրզոյանի պաշտոնանկության բուն պատճառները, իմ կասկածները շարունակում են մնալ հիմնավոր»- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հիշեցնենք, որ Ա. Սաքունցը «Ժամանակ» թերթի հետ զրույցում հայտարարել էր, որ Անդրանիկ Միրզոյանի աշխատանքից հեռացման պատճառը եղել է նոյեմբեր ամսին Շուշիի ՔԿՀ-ում Հայկ Մովսիսյանի ինքնասպանությունը:
Մինչդեռ Անդրանիկ Միրզոյանը news.am-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունները, թե իր պաշտոնանկությունը կապված է զինվորի սպանության դեպքի հետ, ասելով, որ նման գործ չի քննել: Նա նշել է, որ չի կարծում, թե որևէ քրեական գործով ինչ-որ թերացումներ են եղել. «Ինչ թերացումներ եղել են, նախագահը հստակ ասաց, դրանք թերևս ոչ թե առանձին գործերի հետ են կապված, այլ կառույցի կայացման, կազմակերպման»:
Հիշեցնենք նաև, որ Սերժ Սարգսյանը ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանին աշխատանքից ազատելու քայլը հիմնավորել է կոնկրետ քրեական գործի ապօրինությամբ.
«Միրզոյանի ազատման առիթը եղել է ապօրինությունը կոնկրետ քրեական գործով, բայց պատճառն այլ էր: Պատճառն այն էր, որ Անդրանիկ Միրզոյանը չկարողացավ լուծել իր առջև դրված խնդիրը, իսկ ես խնդիր էի դրել պարոն Միրզոյանի առջև, որպեսզի մեծ ջանքեր գործադրի Հատուկ քննչական ծառայության կայացման դժվարին գործում: Հատուկ քննչական ծառայությունը պետք է կայանար որպես ինստիտուցիոնալ անկախ և քրեական արդարադատության իրականացման գործում ինքնուրույն մասնակից: Ցավոք, մինչև հիմա այդպես չէ: Սա այն ծառայությունն է, որտեղ պետք է աշխատեն բացառապես գործին նվիրված, ինքնուրույն, պրոֆեսիոնալ և հնարավորինս օբյեկտիվ մտածողություն ունեցող մարդիկ: Այս ծառայությունը չի կարող լինել կամակատար»,- ընդգծել է Հանրապետության նախագահը: