Բաթումի մեկնելը կարող է երազանք դառնալ՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո
06:21, December 17, 2013 | Այլ լրատվամիջոցներ, ՆորություններԱրթուր Սաքունցը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը, այսօր «Բաց հասարակության հիմնադրամի» կազմակերպած «Վիլնյուսից հետո. ծառացած մարտահրավերները և ապագայի թաքնված հնարավորությունները» հանրային քննարկման ժամանակ, անդրադառնալով սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված վիճակին, նկատեց, որ Մաքսային միություն մտնելու որոշում կայացրած անձը՝ Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա հարկ չի համարել Հայաստանի քաղաքացիներին բացատրել իր դիրքորոշումը, չի իրազեկել, թե ինչի հիման վրա կայացրեց այդ որոշումը, որեւէ պատգամավոր նման հարցադրումով հանդես չի եկել… «Կա արդյո՞ք կյանք՝ Վիլնյուսից հետո»՝ հարցնում է Արթուր Սաքունցը եւ պատասխանում, որ չի կարծում, թե իրավիճակը «այդքան տխուր է»:
Նա հիշեցնում է, որ հանրությունը, այնուամենայնիվ, ցույց է տվել իր վերաբերմունքը Մաքսային միություն մտնելու միանձնյա որոշմանը՝ Շանթ Հարությունյանի քաղաքացիական անհնազանդության ակտը, դեկտեմբերի 2-ի երթը եւ այլն: Նա հիշեցրեց նաեւ ընդդեմ Սերժ Սարգսյանի որոշման իր նախաձեռնած դատական գործընթացը, եւ անհամաձայնություն հայտնեց դատարանի այն որոշմանը, ըստ որի Սերժ Սարգսյանը՝ որպես երկրի ղեկավար, իրավունք ունի միանձնյա որոշելու արտաքին քաղաքական ուղղությունը:
Պարոն Սաքունցը զարմանքով հարցնում էր՝ բա որ մի օր էլ որոշի, թե Հայաստանը դառնում է Ադրբեջանի մաս, կամ Ռուսաստանի մարզ, դրա իրավո՞ւնքն էլ ունի, եւ ոչ ոք չի՞ կարող բողոքարկել այդ որոշումը: Պարոն Սաքունցը քննադատեց նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք իրենց առնվազն չեզոքությամբ կանաչ լույս վառեցին Մաքսային միությանը միանալու որոշման համար: Պարոն Սաքունցի գնահատմամբ Մաքսային միություն մտնելը արկածախնդրային եւ ճակատագրական քայլ է, եւ այդ արկածախնդրության մեջ չմտնելու համար անհրաժեշտ է հանրային մոբիլիզացիայի գնալ, հանրությանը բացատրել, թե ինչ է մեզ սպասվում, թե որոնք են այն մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ՝ ՄՄ մտնելով: Որպես նման մարտահրավերներից մեկը՝ պարոն Սաքունցը մատնանշեց մեր եւ Վրաստանի հարաբերությունները: Վրաստանը նախաստորագրել է ԵՄ Ասոցացման համաձայնագիրը եւ պատրաստվում է առաջիկայում ստորագրել Խորը եւ համապարփակ առեւտրի համաձայնագիրը:Մենք՝ դառնալով ՄՄ անդամ, լուրջ խնդիրներ ենք ունենալու լրիվ այլ տնտեսական ուղի բռնած Վրաստանի հետ՝ սահմանագոտում: Ունենալու ենք սահմանի կարգավիճակի փոփոխություն, ինչն անխուսափելիորեն ազդելու է ոչ միայն ապրանքների շրջանառության, այլեւ՝ մարդկանց տեղաշարժի վրա: Իրավապաշտպանը կոչ արեց հնարավորինս լուսաբանել դեռեւս միայն թղթի վրա գոյություն ունեցող Մաքսային միության երկրներում տիրող իրավիճակը:
Ըստ նրա՝ Հայաստանում մարդիկ Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի կյանքի մասին տեղյակ են միայն կենցաղային մակարդակով՝ «խոպանչիների» բերած տեղեկությունների սահմաններում: Այնինչ, ավելի լավ ծանոթ լինելով այդ երկրներում տիրող իրավիճակին, արժեհամակարգին, մտածելու առիթ կունենան: Նմանատիպ կարծիք հայտնեց քննարկմանը ներկա միակ պատգամավորը՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա ասաց, որ, երբեմն, շարքային քաղաքացիները հիացմունքով են խոսում Մաքսային միության մասին՝ ՍՍՀՄ հանդեպ ինչ-որ նոստալջիկ տրամադրություններով, սակայն, երբ նրանց բացատրում ես, թե ինչ մարտահրավերներ է բերում այդ միությանն անդամակցությունը, միանգամից հասկանում են՝ չէ, մեզ պետք չի դա:
Իսկ «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրեն Լարիսա Մինասյանը հավելեց, որ պետք է գիտակցել, որ եթե անգամ ինչ-որ տեղ փորձենք հավատալ, որ Մաքսային միությունը զուտ տնտեսական միավորում է, ապա Եվրասիական միությունը,որի հիմնադիր անդամ լինելուն է հավակնում Հայաստանը, շատ ավելի լուրջ վտանգներ է պարունակում, քանի որ արժեհամակարգի հարց է դրվում, եւ ավելի մեծ ու համակարգային վտանգ է ներկայացնում:
Ի հավելումն՝ Արթուր Սաքունցը «վախեցրեց»՝ վաղը-մյուս օրը կարող է այլեւս չունենանք նման հանդիպումներ կազմակերպելու հնարավորություն, կարող է վերականգնվել «արտասահմանյան գործակալ» արտահայտությունը, եւ այլն: Նա շեշտեց, որ պետք է Հայաստանի ինքնիշխանության մասին խոսելիս անպայման նշել՝ ինքնիշխան ժողովրդավարական, իրավական, սոցիալական, մարդու իրավունքների գերակայության վրա հիմնված պետություն, այլապես, եթե մեր ինքնիշխանության գինը պետք է ժողովրդավարական արժեքներից հրաժարումը լինի՝ անընդունելի է: Նման մտահոգության համար պարոն Սաքունցին հիմք էին տվել ազգայնականության եւ ազգայնամոլության տարածման ինչ-ինչ միտումներ:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/12/16/415328/
Այս մասին՝ http://www.1in.am/arm/armenia_politics_238181.html