Բաղրամյան 26-ն ունի անմիջական մասնակցություն և վճռորոշ դեր Շանթ Հարությունյանի գործում.Ա.Սաքունց
12:28, November 20, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն, ՔաղբանտարկյալներԻրավապաշտպան Արթուր Սաքունցը Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձել է դատարանի կողմից կայացրած այն որոշմանը, որի համաձայն պետք է բավարարել վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը եւ Շանթ Հարությունյանին ենթարկել դատահոգեբանական փորձաքննության:
Արթուր Սաքունցը գտնում է, որ Շանթ Հարությունյանը ոչ մի հոգեկան խնդիր չունի.«Ես նման որոշում կայացնելը համարում եմ քաղաքական հետապնդման շարունակություն և, ըստ էության, դատարանն էլ մակերեսային է մոտեցել: Խնդիրը կայանում է նրանում, որ Շանթն իրավական ընթացակարգերին ուշադրություն չի դարձնում և հասկանալի է, թե ինչու չի դարձնում։ Արդարադատություն ակնկալել մի երկրում, որտեղ քաղաքական հայացքների համար կարող են դատապարտել ազատազրկման, մարդը որևէ ակնկալիք չի ունենա բնականաբար, չնայած Շանթին մի կերպ համոզել ենք, որ գոնե փաստաբան ունենա»,-նշել է իրավապաշտպանը: Վերջինիս կարծիքով պետք է բողոքարկվի դատարանի կողմից կայացրած այն որոշումը, ըստ որի` Շանթ Հարությունյանին պետք է ենթարկել դատահոգեբանական փորձաքննության:
Ըստ Արթուր Սաքունցի, նման քայլերով իշխանությունները փորձում են Շանթ Հարությունյանին՝ իր հայացքներով, գործողություններով կտրեն կոնտեքստից, այն իրավիճակից որում այսօր գտնվում է Հայաստանը և որի հետևանքով է Շանթ Հարությունյանը այդ կերպ իր բողոքը ներկայացրել.«Սա բողոքի ցույց էր, որում բացարձակապես չի եղել հակաօրինական որևէ գործողություն, ամեն ինչ սադրանքներ են եղել, և փոխանակ իրենք քննության առնեն ոստիկանության գործողությունների համաչափությունը, ոստիկանապետի և նրան ուղեկցող անձանց նկատմամբ քրեական գործ հարուցեն, Շանթ Հարությունյանի նկատմամբ են քրեական հետապնդում իրականացնում»,- նշել է Արթուր Սաքունցը:
Վերջինս ասել է, որ ինքը համաձայն է այն տեսակետների հետ, որ Շանթ Հարությունյանը քաղբանտարկյալ է: «Ինչ ընթացք և ավարտ կունենա Շանթ Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը» հարցին Արթուր Սաքունցը պատասխանել է.«Սա այն գործերից է, որ կախված է հանրության մասնակցությունից, իսկ եթե լուծումը թողնենք զուտ իրավական համակարգին, ապա Շանթին կդատապարտեն, իսկ դա օրինական չի լինի»,-նշել է Սաքունցը:
«Ինչ դերակատարություն ունի Բաղրամյան 26-ը այս գործի մեջ» հարցին՝ Արթուր Սաքունցը պատասխանել է.«Շատ ուղղակի կապված է, ՀՀ-ում նման քաղաքական նշանակություն ունեցող գործերում նախագահականնն ունի անմիջական մասնակցություն և վճռորոշ դեր, այստեղ որևէ արդարադատության մասին խոսելն ուղղակի անիմաստ է»,- եզրափակել է Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ http://araratnews.am/բաղրամյան-26-ն-ունի-անմիջական-մասնակցու