Բանակը չպետք է մասնակից դարձնեին ներքին քաղաքական գործընթացներին. Արթուր Սաքունց
06:22, January 29, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը Araratnews.am-ի հետ զրույցում շնորհավորեց Հայոց բանակի 22 ամյակը եւ մաղթեց, որպեսզի զինծառայողներն անփորձանք ծառայեն ու հետամուտ լինեն իրենց իրավուքնների պաշտպանմանը:
Խոսելով Հայոց բանակի ձեռքբերումների եւ թերությունների մասինˋ Սաքունցը մատնանշեց պաշտպանության բնագավառում առկա արատվոր երեւույթները:
«Առաջին հերթին չպետք է այնպիսի մոտեցում լինի, որ զինված ուժերի քաղաքականությունը առանձնացվի մյուս բնագավառներում իրականացվող քաղաքականությունից: Բացառիկություն ցույց տալը կամ առանձնահատուկ մոտեցումը պաշտապանության բնագավառին ավելի խոցելի է դարձնում: Այն պետք է դիտարկվի թե տնտեսական, թե սոցիալական ոլորտներին հավասար: Մեկուսի դիտարկումը կամ բացառիկ մոտեցումը շահարկման հիմք է հանդիսանում թե քաղաքական տեսակետից, թե սեփական նշանակությունը հիմնավորելու տեսակետիցˋ առանձին գեներալների, պոպուլիստների կողմից, որը ոչ մի օգուտ չի տալիս հենց զինված ուժերին»,-ասում է Սաքունցը:
Իրավապաշտպանը կարծում է, որ պաշտպանության ոլորտը պետք է դիտարկվի՝ որպես ընդհանուր քաղաքականության մի օրգանական մաս:
«Գաղտնիության շեմ կա, բայց ամեն ինչը գաղտնի դիտարկելը շատ պարարտ հող է ստեղծում կոռուպցիոն դրսեւորումների, պաշտոնական դիրքի չարաշահումների համար: Մեր ամենակարեւոր խնդիրը այն է, որ պաշտպանության բնագավառը լինի ժողովրդավարական եւ քաղաքացիական իրական վերահսկողության ներքո»,-ասում է Սաքունցը:
Ըստ նրա՝ պաշտպանության բնագավառի հասարակական քննարկումները շատ ավելի առաջ են անցել, քան ինստիտուցիոնալˋ պետական մարմինների վերահսկողությունը:
Արթուր Սաքունցի կարծիքով իշխանությունը չի կարողացել հաղթահարել զինված ուժերի այդ անձեռնմխելիության սինդրոմը:
Այն հարցին , թե Հայոց բանակի կազմավորման 22 տարիների ընթացքում ինչ ձեռքբերում եւ թերացումներ են եղել, Սաքունցը պատասխանեց.
«Ղարաբաղյան պատերազմի այն շրջանում, երբ խոսքը վերաբերում է բանակի ձեւավորմանը, երկրի անվտանգության խնդիրների լուծմանը, պետության ձեւավորմանը զուգընթացը ինքը իր առաքելությունը կատարեց: Բայց արդեն զինադադարի հաստատումից հետո, երբ պետք էր զինված ուժերը նոր պայմաններում լուրջ բարեփոխումների ենթարկվեր եւ համապատսխանեցվեր ժողովրդավարական նոր զարգացումների տրամաբանությանը, այդ առումով մենք հետ մնացինք: Ավելինˋ զինված ուժերը դարձան ներքին քաղաքական նշանակության գործոն»,-ասում է Սաքունցը:
Նա նշում է, որ բանակը չպետք է մասնակից դարձնեին ներքին քաղաքական գործընթացներում:
«Զինված ուժերի քաղաքականացումը պետք է հանվեր, ինչի ամենացայտուն ձեւը արտահայտվեց 2008-ի մարտի 1-ին»:
Բանակում առկա հաջորդ խնդիրը, ըստ իրավապաշտպանի, իրական վերահսկողության բացակայությունն է: Ըստ նրաˋ եթե իրական, բովանդակային վերահսկողություն լիներ, ապա պատասխանատվությունը բոլորովին այլ մակարդակի վրա կլիներ:
«Եթե լինի իրական վերահսկողություն զինված ուժերի նկատմամբ, մենք ավելի շատ խնդիրներ լուծելու հնարավորություն կունենանք: Բանակում միայն պետք է գաղտնի լինեն օպերատիվ պլանները՝ դիրքերի պաշտպանության ապահովման համար, բայց զինված ուժերում իրավիճակի, միջոցների կառավարման, արդունավետության գնահատման տեսանկյունից պետք է լինի ամեն ինչ թափանցիկ»,-ասում է նա:
Ադրադառնալով բանակում, խաղաղ պայմաններում տեղի ունեցող ողբերգական դեպքերին` զինվորների սպանություններին, նա նշում է, որ, եթե իրավունքի գերակայության սկզբունքը չկա զինված ուժերում, մենք մշտապես ունենալու ենք այդ զոհերը:
«Եւ այդ ամենը պոպուլիստական ձեւակերպումներով սքողելը ոչ մի կերպ չի օգնում զինված ուժերին»,-եզրափակում է Սաքունցը:
Աղբյուրը՝ http://araratnews.am/%D4%B2%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%A8-%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A7-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF%D5%AB%D6%81-%D5%A4%D5%A1%D6%80%D5%B1%D5%B6%D5%A5%D5%AB%D5%B6-%D5%B6%D5%A5%D6%80%D6%84