ԲԱՆԱՁԵՎԻ ՈՉ ՄԻ ԿԵՏ ԷԼ ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ
00:00, June 28, 2008 | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում2008թ. հունիսի 27-ին Կոնգրես հյուրանոցում Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները քննարկում էին ԵԽԽՎ 1609 բանաձեւի կատարման ընթացքը եւ ժողովրդավարական հաստատությունների վիճակը Հայաստանում:
Ներկա էին ինչպես տեղական ՀԿ–ներ այնպես էլ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ էլ կային որ լուռ լսեցին ու հեռացան: Նույն կերպ վարվեց մարտի մեկի դեպքերը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: Մինչդեռ հավաքում ուշագրավ շատ կարծիքներ եւ մտքեր ներկայացվեցին: Իսկ եզրակացությունը միակն էր. որքան էլ ԵԽԽՎ 1620 բանաձեւով նշվի, որ 1609 բանաձեւի առանձին կետեր կատարվել են, Հայաստանի հասարակությունը կարծում է՝ որ ոչ մի կետ էլ չի կատարվել, եղել են իմիտացիաներ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հարցրեց. եթե մարտի մեկին ոստիկանները եկել էին Ազատության հրապարակ տեղազննություն անելու, ապա նրանք ինչ ծառայողական պարտականություններ էին կատարում Հյուսիսային պողոտայում, ուր էլ բախվել են ցուցարարներին, ինչպես տեղեկացնում էին պաշտոնական աղբյուրները: Հիմա նույն աղբյուրները տեղեկացնում են, որ մարտի մեկի դեպքերի գործով կալանավորված որոշ մարդիկ ազատ են արձակվել իրադրության փոփոխության պատճառով: «Այդ ինչ է փոխվելե, հարցնում է Արթուր Սաքունցը: Ըստ այս բանախոսի, թեեւ ԵԽԽՎ Հայաստանին մինչեւ 2009–ի հունվար ժամկետ է տվել, այսօր արդեն պարզ է, որ ոչ մի բան էլ չի փոխվելու. «հրաշք կլինի, եթե իշխանությունները քաղաքական կամք դրսեւորեն: Մարդու իրավունքների խախտումների ծավալը եւ բնույթը անցել են բոլոր հնարավոր սահմանները»:
Հունվարյան նստաշրջանի մասին խոսելով, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիդ Նավասարդյանը հայտարարեց, որ Եվրոպան մեզ եւ մեր հարեւանին վերաբերվում է որպես երկվորյակներ, նույն մոտեցումը ցուցաբերում, դրա համար էլ պատժամիջոցներ չկիրառվեցին: Մեր հարեւանը հոկտեմբերին նախագահ է ընտրելու: Եթե մենք բարեփոխումներ չանենք, մեր ճակատագիրը կախված է լինելու նրանց ընտրության որակից, նկատեց Բորիս Նավասարդյանը:
Փաստաբան Հրայր Ղուկասյանի կարծիքով էլ, այսօր Հայաստանում դատական համակարգի նկատմամբ վստահության պակաս կա եւ պահետ առիթ է լրացնելու այդ պակասը: Մինչդեռ դատարանները առանց բացառությունների, բավարարում են այս կամ այն անձին կալանավորելու դատախազության միջնորդությունները եւ «չկա քննություն, կա քննության բացակայություն»:
Transparency International միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Սոնա Այվազյանն էլ հայտարարեց, որ խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունքը ամրագրված է եւ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով եւ ՀՀ Սահմանադրությամբ, իսկ մեր անգամ փոփոխված իշխանությունները ոչ թե խաղաղ հանրահավաքների համար պայմաններ են ստեղծում, այլ փորձում վերահսկել խաղաղ հանրահավաքների իրավունքը: Զուգահեռ շարունակվում է հանրահավաքներ անցկացնելը արգելելը, հասարակական ակտիվիստների ահաբեկումը:
Հավաքի մասնակիցները եկան այն եզրակացության, որ պետք է աշխատել, աչքի առաջ ունենալով մենակ մնալու հեռանկարը, քանի որ կան լուրջ կասկածներ, որ ԵԽԽՎ զեկուցողները մեր իշխանությունների հետ գործարքի են գնացել եւ դրա արդյունքում արձանագրել, որ 1609 բանաձեւի որոշ դրույթներ կատարվել են: Այս կասկածները փոխանցվելու են ԵԽԽՎ, տեղեկացնում է hra.am կայքը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
http://www.lragir.am/src/index.php#top