Բարի թագավորի վարքագիծը թույլիկ է
09:10, July 21, 2012 | ՆորություններՄեր զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը
Մի քանի ամիս առաջառաջնային էին համարվում բանակի բարեփոխումները,սակայն «Հարսանքարիե դեպքից հետո բանակի թեման կարծես մղվեց երկրորդ պլան, թեև բանակում միջադեպերը չեն քչացել: Պահանջների փոփոխությո՞ւն եղավ:
Ճիշտն ասած, համաձայն չեմ այն մտքի հետ, որ տեղի է ունեցել պահանջների փոփոխություն: Պարզապես տարբեր բնագավառներում բռնություններն այնքան շատ են իրար հետևից առկայածում, որ նորության առումով լրատվամիջոցների ուշադրությունը դրանց վրա է կենտրոնանում: Սա ստեղծում է թվացյալ պատկեր, թե իբր մնացած խնդիրները մոռացվում են, սակայն սա չի նշանակում, որ էկոլոգիական խնդիրները մոռացվել են. էկոլոգները շարունակում են իրենց գործը, բանակի թեմայով շարունակում ենք մեր աշխատանքը, մենք այսօր վերջացրինք բժշկական ծառայության հետ կապված զինծառայողների և զորակոչիկների իրավունքների խախտման վերաբերյալ զեկույցը և շուտով կազմակերպելու ենք քննարկում: Այսինքն` սա իրավապաշտպանների, ՀԿ-ների ամենօրյա աշխատանքն է: Բացի այդ, համակարգը վերահսկելու, ծածկադմփոց անելու միջոցներ այլևս չունի: Տեսեք` Վահան Խալաֆյանի դեպքը բավական քննարկվեց, լուսնաբանվեց, Աղասի Աբրահամյանի դեպքը բավական լուրջ լուսաբանվեց: Սա ավելի շատ խոսում է քաղաքացիական նախաձեռնությունների բազմազանության մասին, բայց սա չի նշանակում, որ խնդիրը, որը հայտնվում է լուսաբանման և քննարկման առաջին գծում, մնացածներին ստվերում է թողնում: Ես սա բացատրում եմ խնդիրների բազմազանությամբ, քան մեկը մյուսին փոխարինելով:
Նշեցիք, որ համակարգն այլևս վերահսկելու միջոցներ չունի. խնդիրնե՞րն են շատացել, թե պարզապես հասարակական տրամադրություններ են փոխվել:
Եթե խնդիրները դիտարկենք տասը տարի առաջվա կտրվածքով, նոր խնդիրներ չեն ավելացել, բայց տասը տարի առաջ մարտի մեկ չկար, մարտի մեկը բավական լուրջ ընդունվեց: Հիմա կարող է այնպիսի տպավորություն ստեղծվել, որ մարտի մեկի մասին մոռացել ենք, բայց վերջերս Ժնևում քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի զեկույցի քննարկման ժամանակ մեր և կոմիտեի անդամների հարցերի զգալի մասը կապված էր մարտի մեկի իրադարձությունների ուղղությամբ պետության կողմից պատշաճ քննություն իրականացնելուն, ոչ թե ծածակմփոց անել: Այսինքն` կան խնդիրներ, որոնք ժամանակի առումով ավելի երկարատև բուժման կարիք ունեն, և ժամանակի մեջ ձգվում է նրանց գործողությունները: Իհարկե, հասարակական համախմբման պոտենցիալը զգալիորեն աճել է, իրար հետ աշխատելու ձգտումը բավական մեծացել է, և ես սա ավելի շատ կուզենայի կոչել սարդարապատյան ֆենոմեն (ի նկատի չունեմ Սարդարապատ նախաձեռնությանը), երբ գալիս է մի վտանգ, որի պայմաններում սկսվում են կուտակումներ, համախմբում է տեղի ունենում, երբ կա այնպիսի վտանգ, երբ գույն, սեռ, հասակ ոչինչ հաշվի չի առնվում, այսինքն` սա կենսական նշանակության վտանգ է ներկայացնում և հասարակության մեջ այդ համախմբումները տեղի են ունենում, այս նախաձեռնող խմբերն իրապես իրենց բնույթով կառավարելի չեն, ինքնաբուխ են, քաղաքացիների նախաձեռնությամբ են ստեղծվում, բայց մշտապես իրենք ունեն մարտահրավեր, որ քաղաքական տարբեր ուժեր կփորձեն ինչ-որ ձևով քիթները խոթել այդ շարժումների մեջ, կփորձեն դա օգտագործել, բայց քաղաքական ինստիտուտներն էլ, իշխանությունն էլ սնանկացած, սպառված վիճակում են և չեն կարող որևէ կերպ ազդել և կանխել այդ նախաձեռնությունները, այսինքն` քաղաքացիական նախաձեռնությունների ներքին պոտենցիալն է բավական զարգացած, մի կողմից խնդիրների ծավալը, մյուս կողմից իշխանության սնանկությունը, որ չի կարողանում լուծում տալ խնդիրներին: Քաղաքացիական նախաձեռնությունների հզորությունն այն է, որ իրենք կարողանում են աճել, ինստիտուցիոնալացված չեն, կառուցվածքային բնույթ չունեն, բայց ներքին քննարկումների մակարդակում կարողանում են լսել, խոսել, դիսկուսիա անել, որոշումներ ընդունել: Այսինքն` իրենք ինքնակառավարման մեխանիզմներով են աշխատում, ոչ թե ավանդական մեթոդներ` նստել ժողով անել, նախագահ ընտրել և այլն: Հետաքրքիր ձև է ընտրվել և հետաքրքիր լուրջ քննակումներ են, կառավարությունն իր ամբողջ կազմով կերազեր ունենալ նման մակարդակ:
«Հարսանքարիե խնդրի շուրջ մենք տեսանք, որ որոշ քաղաքական ուժեր փորձեցին իրենց նպատակներին ծառայեցնել, կարծես թե չստացվեց: Հնարավո՞ր է այս քաղաքացիական ակտիվությունն ի վերջո նոր քաղաքական մշակույթի հիմք հանդիսանա:
Մաշտոցի պուրակի դեպքում նույնպես փորձեցին քաղաքականացնել, Սերժ Սարգսյանը գալիս է պուրակ և ասում` Տարոն, սիրուն չի, նա արդեն քաղաքականացնելու փորձ արեց, այսինքն` շարժման արդյունքում ինքը դիվիդենտներ հավաքեց, իշխանությունը հանդես եկավ բարի քեռու դիրքում, ինչպես Թռչկանի դեպքում, կամ «Բանակն իրականումե նախաձեռնության հետ հանդիպում եղավ ՊՆ ներկայացուցիչների հետ և պաշտպանության նախարարությունը քայլ կատարեց շարժման պոտենցիալը օգտագործել խնդիրների լուծման համար, բայց ամբողջ սարկազմն այն է, որ փորձ անողները շատ ապաշնորհ են, նրանք պատրաստ չեն դա ըստ արժանվույն գնահատելու և նաև կարողություն չունեն իրենց մտածածի ձևով օգտագործելու, ավելի շատ գնում է ինտրիգային ձևով առանձին մարդկանց միջոցով փորձ անել ապակողմնորոշել, սա չի ստացվում: Դեռ որ մինչև հիմա որևէ նախաձեռնություն այս 3-4 տարիների ընթացքում չկա, որ հնարովի, սարքովի, ինչ-որ մեկի կաբինետում ստեղծված լինի, դրա համար քաղաքականացնելը, դիվիդենտներ շահելն այնքան ակնհայտ է երևում, որ ուղղակի այդ նույն նախաձեռնությունները վանում, նրանց նեգատիվը շատ շուտ բացահայտվում է:
Քաղաքացիական նախաձեռնությունների ֆենոմենն այն է, որ հանդիսանում է այն ձևը, որտեղ անկախ քաղաքական պատկանելությունից` խնդիրների քննարկման, լուծման մշակույթը և արդյունքի նկատմամբ վստահությունը, հավատը, որ կարելի է հենց այդ ճանապարհով փոփոխությունների հասնել, քանի որ քաղաքական հարթակն այլևս խնդիրների լուծման, որոշումների ընդունման տեսակետից գրավիչ չէ, հավատ չի ներշնչում, դրա համար հենց իրենց կուսակցության անդամներն էլ ակտիվորեն ընդգրկվում են այս քաղաքացիական նախաձեռնությունների մեջ: Քաղաքական ինստիտուտն այսօր սատկած, մեռած մարմին է, որը ոչինչ չի տալիս իր անդամներին:
Բայց միանշանակ է, որ այս քաղաքացիական նախաձեռնությունների ձևերը, բովանդակությունը հենց նոր քաղաքական որակի, ուժերի պոտենցիալն են իրենց մեջ պարունակում, իհարկե մի մասն անպայման կձևավորվեն որպես նոր քաղաքական ուժեր, նոր բավանդակություն կհաղորդեն քաղաքական ինստիտուտներին, բայց միանշանակ է, որ քաղաքացիական նախաձեռնությունները ոչ միայն քաղաքական մշակույթի ձևավորման ռեսուրսներն են, այլ նաև ներքաղաքական ուժերի, այսինքն` քսան տարին, այնուամենայնիվ, իզուր չի անցել:
Պարոն Սաքունց, մարտի մեկի մոռացված լինելու մասին խոսեցիք: Ըստ Ձեզ` ինչո՞ւ ՀԱԿ-ը Հարսնաքարի դեպքի հետ կապված արտահերթ նստաշրջանի ձևաթուղթ ստեղծեց, մինչդեռ մարտի մեկի մասին լռում է, թեև հանրահավաքներին անընդհատ բարձրացնում էր խնդիրը:
Սա նշանակում է քաղաքական կոնյուկտուրային հագուրդ տալ, քան քաղաքական սկզբունքներին հավատարիմ մնալ: Այդ վարքագծի հետևանքով կազմաքանդում է գնում, քանի որ իր որոշումների կայացման մեխանիզմը, հռչակած արժեքային համակարգին հավատարիմ չլինելը բերում է նրան, որ մարդիկ ուղղակի հիասթափվում են և դուրս են գալիս, չեն համարում այն տեղը, որտեղ կարող են խնդիրներ լուծել և այդ խնդիրները հիմնված լինեն իրենց հռչակած սկզբունքների վրա, դրա համար ստացվում է՝ հագուրդ տալ կոնյուկտուրային, քան հավատարիմ մնալ այն արժեքներին և խնդիրներին, որոնք հռչակել են: Այստեղ մի հետաքրքիր բան էլ կա՝ մի խնդիր չլուծած ինքն անցնում է նոր խնդրի լուծմանը, և նման վարքագիծը որևէ ձևով չի կարող վստահություն ստեղծել իր նկատմամբ: Ես ինչո՞ւ պետք է վստահեմ մի քաղաքական ուժի, որը մի խնդիր չլուծած, անցում է կատարում մեկ այլ խնդրի, սա նույնպես տվյալ պահին քաղաքական շահն ավելի է կարևորում, քան երկարատև խնդիրների հիմնարար լուծման մտածողությունը: Եվ իհարկե հանրահավաքներին բազմիցս հնչած առաջարկությունները մարտի մեկի հետ կապված (տասը զոհերի ընտանիքներին առաջարկում էին յուրաքանչյուրին մեկ միլիոն դոլար) պետք է պնդել նախագծերի ձևով, օրենք մարտի մեկի սպանվածների ընտանիքներին մեկ միլիոն դոլար տրամադրելու մասին… խնդրեմ` օրենքի նախագիծ մտցրեք, օրակարգում դրեք, տեսնեք` ով է դրան դեմ քվեարկելու:
Քաղաքական շա՞հն արգելք հանդիսացավ, չթողե՞ց հաղթանակի, ի՞նչը տարավ փլուզման:
Միանշանակ պետք է արժանին հատուցել և ընկալել. 2007-ին Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականություն վերադարձով քաղաքացիական հասարակության մեջ այն դժգոհությունները, անբավարարվածությունները իրավիճակի առումով, խնդիրներ լուծելու ձգտումները թափ առան, իրենք ստացան ավելի ինքնակազմավորման բնույթ: Ըստ էության` Լևոն Տեր-Պետրոսյանը սկսեց այլընտրանքային շարժում, սկսեց նոր քաղաքական շարժում, որը իշխանության հսկողությունից դուրս էր, և սա էական նշանակություն ունեցավ, բայց ցավոք սրտի միայն այդքանը, հետագայում չշարունակվեց, բայց հասարակության ներսում այնպիսի ինքնակատակլիզմ տեղի ունեցավ, որ դա այլևս ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ծառուկյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, որևէ մեկը այլևս չի կարող վերահսկողության տակ առնել: Ջինը բաց թողնվեց, հիմա երբ ջինը դուրս է եկել, քաղաքացիական նախաձեռնողականությունը, զարթոնքը շատերին մտահոգում է, քանի որ ավելի հեշտ է կառավարելի հասարակություն ունենալ իշխանության փիլիսոփայության տեսակետից, քան ազատ մտածող, բաց գործող, ստեղծագործական բնույթ ունեցող, մարդկանց կարծիքները հաշվի առնող ժողովրդավարական բնույթի հասարակություն: Հայաստանի քաղաքական դաշտում, ցավոք սրտի, հիմնական քաղաքական ուժերից որևէ մեկը նման չափորոշիչներ կամ նման պահանջներ չունի: Կար «Ժառանգությունըե, որն այս խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր պահվածքը խեղաթյուրեց, ինքն էլ նահանջեց, այսինքն` այստեղ կա մի իրավիճակ, երբ քաղաքական ինստիտուտները, թե իշխանության մեջ, թե իշխանությունից դուրս իրենք էլ են մեկուսացված, ոչ միայն իշխանությունն է մեկուսացված, այլ ամբողջ քաղաքական դաշտն է անջատ հասարակական պահանջներից և շարժումներից, և սա շատ հետաքրքիր ֆենոմեն է:
Իսկ այն, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում հասարակական պահանջին ընդառաջ է գնում, հնարավո՞ր է փոխվելու միտում կա:
Միշտ ասել եմ` Սերժ Սարգսյանի փոխվելու միտումի համար առաջին ինդիկատորը իր վերաբերմունքը կլինի եղբոր` Սաշիկ Սարգսյանի վարքագծի նկատմամբ, դա ցույց կտա՝ նա ունի՞ կամք, թե ոչ: Եթե սելեկտիվ արդարադատություն կամ ընտրողական մոտեցում կլինի այդ խաղերին, այս երկակիությունը որևէ հիմք չի տա, որ Սերժ Սարգսյանը որևէ ցանկություն ունի փոփոխություն կատարելու: Ինչպես ժամանակին Գորբաչովն էր գիտակցում, որ Խորհրդային իշխանությունը այլևս ռեսուրսներ չունի հանրային պահանջները բավարարելու, հիմա Սերժ Սարգսյանը գլխի է ընկնում, որ Հայաստանի նման երկրում Ռոբերտ Քոչարյանի տասը տարվա ավանտյուրան լրիվ սպառել է իր հանրային ռեսուրսները, և այլևս ռեսուրսներ չունի իշխանությունը պահելու, դրա համար գնում է այդպիսի որոշակի երկխոսության իմտիացիաների, զիջումների, բայց նորից գործողությունը մնում է կենտրոնացված իշխանության փիլիսոփայության շրջանակներում, երբ որոշում կայացնողն ինքն է: Բարի թագավորի և փրկչի վարքագիծը թույլիկ է, հանրային ընկալումները, գնահատականները ճիշտ են` սա այն տարբերակը չէ, որ մենք ուզում ենք, ակնկալում ենք, այնպես որ, սա իրենց թուլության, այդ միջոցների սնանկության մասին է վկայում, քան ենթադրենք իրավիճակը փոխելու: