Բողոքարկվում է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը
00:00, June 15, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղաշարժի ազատություն | Ոստիկանություն2011 թ. հունիսի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է դատական նիստ՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ Շիրակի մարզի քննչական բաժանմունքի քննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման:
Գործի էությունը կայանում է նրանում, որ 2011 թ. փետրվարի 15-ին Գյումրի քաղաքում վրացական պետհամարանիշներով շահագործվող ավտոմեքենաների վարորդները փորձել են մեկնել Վանաձոր` մասնակցելու Վանաձոր քաղաքում կազմակերպվող բողոքի ակցիային` ուղղված ՀՀ մաքսային օրենսդրության վերջին փոփոխություններին:
Ջաջուռ գյուղի մոտ պետավտոտեսչության աշխատակիցները Գյումրի քաղաքից Վանաձոր մեկնող վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդներին կանգնեցրել են և թույլ չեն տվել մասնակցել կազմակերպված հանրահավաքին: Ոստիկանության աշխատակիցները պատճառաբանել են, որ ճանապարհներն անանցանելի են, պատճառը ոչ թե հանրահավաքն է, այլ ճանապարհների անանցանելիությունը: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցներն ահազանգի հիման վրա մեկնել են Ջաջուռ, որի ընթացքում ճանապարհները եղել են անցանելի:
Դեպքի կապակցությամբ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում ոստիկանության աշխատակիցների կողմից ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելուն կամ դրանց մասնակցելուն խոչընդոտելու մասին:
2011 թ. ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչի կողմից կայացվել է որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին:
2011 թ. մայիսի 10-ին դիմում-բողոք է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն և Շիրակի մարզի դատախազություն` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու և գործը նախաքննության ուղարկելու պահանջի մասին, իսկ 2011 թ. մայիսի 25-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ստացվել է որոշում` բողոքը մերժելու մասին: