Բողոքարկվում է քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը
00:00, November 15, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | Ոստիկանություն2011 թ. նոյեմբերի 15-ին ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ առաջին դատական նիստը` ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի քննիչ Ս.Սաղաթելյանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու որոշման դեմ:
Դատական նիստի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Ա.Զալյանը ներկայացրեց պատճառաբանություններ որոշման անհիմն լինելու վերաբերյալ, իսկ քննիչ Ս.Սաղաթելյանը ներկայացրեց պատասխան հիմնավորումներ:
Դատարանը, քանի որ ծանոթ չէր գործի նյութերին, նախաքննություն իրականացնող մարմնից պահանջեց տրամադրել գործում առկա նյութերը:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2011 թ. նոյեմբերի 21-ին:
Հիշեցնենք, որ 2011 թ. հուլիսի 27-ին ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել Վլադիմիր Տոնոյանի նկատմամբ ոստիկանության Սպիտակի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու և առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ պատճառելու փաստի առթիվ և ուղարկվել նախաքննություն կատարելու:
2011 թ. սեպտեմբեր 27-ին քրեական գործի վարույթը կարճվել է՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառով: