Բողոքի ակցիա երեխաների ներգրավմամբ
12:45, June 1, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Երեխաների իրավունքներ, Հավաքների և միավորումների ազատություն2013 թ. հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, շուրջ հարյուր վանաձորցիներ, որոնց թվում էին բազմաթիվ երեխաներ, բողոքի ակցիա էին կազմակերպել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի մոտակայքում:
Ակցիայի մասնակիցները վանկարկում էին «Ֆուտ-բոլ», «Մի՛ խոչընդոտեք մեր ֆուտբոլ խաղալուն», «ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խոչընդոտում է Վանաձորում ֆուտբոլի մարզադաշտի կառուցմանը» արտահայտություններ: Մասնակիցներն ունեին «Ո՛չ անբարոյականությանը», «Ո՛չ Սաքունցին, Այո մանկապատանեկան ֆուտբոլին», «Կեցցե՛ ֆուտբոլը» պաստառներ:
Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ անվավեր ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2010 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 75 և 76 որոշումները, որոնց համաձայն՝ համայնքի ավագանին նվիրատվություն էր տվել քաղաքի ֆուտբոլի մարզադաշտը սեփականության իրավունքով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ այն վերանորոգելու նպատակով:
Կազմակերպության մոտեցումը կայանում էր նրանում, որ նախ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը, ըստ գործող օրենսդրության, չի կարող որպես սեփականություն տրամադրվել նվիրատվության ձևով, ինչպես նաև, ըստ նվիրատվության պայմանագրի որևէ կետով չէր նշված Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի պարտավորությունը ֆուտբոլի մարզադաշտը վերանորոգելուց հետո, այն ֆուտբոլի զարգացման համար օգտագործելու, ինչպես նաև մարզադաշտի նկատմամբ համայնքի լիազորությունների և իրավասաությունների մասին: Ինչևէ, հաշվի առնելով ՀՀ դատական ատյանների կախվածությունը գործադիր իշխանությունից և վերջինիս հովանավորությունն ունեցող օլիգարխիայից, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը մերժվեց:
Նման բողոքի ակցիաները կարելի էր ակնկալել հենց դատական քննության ընթացքում, սակայն դատական պրոցեսին այսօրվա ակցիայի մասնակիցներից որևէ մեկը չի երևացել:
Ավելին, դատարանի վճիռն արդեն ուժի մեջ մտնելուց հետո, երբ այլևս որևէ խոչընդոտ չկա, մեր կարծիքով իրավական նորմին հակասող որպես նվիրատվություն ստացած մարզադաշտում վերանորոգման աշխատանքների կատարման համար, նման բողոքի ակցիան առնվազն տարօրինակ է կամ ժամկետանց՝ իր պահանջներով:
Ակնհայտ է, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած բողոքը չէ, որ խոչընդոտում է Վանաձորում ֆուտբոլի զարգացմանը, ինչպես փորձում են ներկայացնել:
Իհարկե մենք ուրախ ենք, որ երեխաները պատրաստակամ են իրենց իրավունքների համար պայքարելու և բողոքի ցույցեր կազմակերպելու և ներկայացնելու իրենց պահանջները:
Ավելին, պատրաստակամ ենք աջակցելու կրթական հաստատություններում, ոստիկանության բաժանմունքներում, զինված ուժերում երիտասարդների, երեխաների նկատմամբ բռնությունների, անմարդկային վերաբերմունքի, ինչպես նաև կոռուպցիոն դրսևորումների դեպքերի դեմ պայքարում և կցանականայինք նրանց տեսնել նմանատիպ բողոքի ակցիաների ժամանակ մասնակիցների և նախաձեռնողների շարքերում:
Մենք միշտ կանգնած ենք երեխաների իրավունքների պաշտպանության դիրքերում:
Շնորհավորում ենք ակցիայի մասնակից և մյուս բոլոր երեխաներին իրենց իրավունքների միջազգային օրվա առթիվ, ցանկանում ենք նրանց առողջություն, իրենց իրավունքների համար պայքարում հետևողականություն և սկզբունքայնություն:
Եղե’ք ազատ, անկախ Ձեր որոշումներում, Ձեր մտածելակերպով և վարքագծով: