Բողոք` քվեաթերթիկները կեղծելու վերաբերյալ
08:12, June 5, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Ընտրական իրավունքՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 2013 թ. հունիսի 3-ին` ժամը 11:00-ին, նշանակված էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Արտուր Հարությունյանի բողոքի դատաքննությունը` ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ավագ քննիչ Վ. Հակոբյանի մարտի 14-ի կայացրած որոշման դեմ:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Մ. Հարությունյանը, նիստին ներկա էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Ա. Հարությունյանը և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ավագ քննիչ Վ. Հակոբյանը:
Գործի բնույթը կայանում է նրանում, որ 2013 թ. փետրվարի 18-ին ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ Ա. Հարությունյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևանի օպերատիվ կառավարման կենտրոն:
Նա հայտնել է, որ ՀՀ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի թիվ 29/34 ընտրական տեղամասից զանգ է ստացել այդ տեղամասում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդ Աշխեն Բաբայանից, ով տեղեկացրել է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի անունով քվեարկված թվով 68 քվեաթերթիկ դուրս են բերել, նշում կատարելով` անվավեր դարձրել և նորից հետ բերել ընտրասենյակ:
2013 թ. փետրվարի 22-ին Սպիտակի քննչական բաժանմունքում որոշում է կայացվել նյութերը Լոռու մարզի դատախազության միջոցով ըստ ենթակայության` ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու մասին:
Լոռու մարզի դատախազության կողմից վերացվել է հիշյալ որոշումը:
Նույն թվականի մարտի 7-ին գործը վերադարձվել է Սպիտակի քննչական բաժանմունք, իսկ Սպիտակի ավագ քննիչ Վ. Հակոբյանը որոշում է կայացրել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին` դեպքի բացակայության պատճառաբանությամբ:
Դատական նիստի ժամանակ կողմերը ներկայացրեցին միջնորդություններ, որոնց համաձայն Ա. Հարությունյանը պահանջեց գործին առնչվող բոլոր նյութերը, իսկ Վ. Հակոբյանը` խնդրեց մերժել Ա. Հարությունյանի բողոքը` բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառաբանությամբ:
Դատարանը, միջնորդությանը ծանոթանալու նպատակով հաջորդ դատական նիստը նշանակեց 2013 թ. հունիսի 26-ին: