Գագիկ Ջհանգիրյանի դեմ բերված բողոքը մերժվել է
08:22, November 28, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը դատավորներ Դանիել Խաչատրյանի նախագահությամբ, Ն.Տավարացյանի եւ Ս.Միքայելյանի մասնակցությամբ երեկ մերժել է «Մատաղիսի գործով» արդարացվածներ Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի եւ Ռազմիկ Սարգսյանի բողոքն ԱԺ պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դեմ:
Արդարացվածները պահանջում էին հուլիսի 16-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի դատական ակտը բեկանել: Սակայն այն ոչ միայն չբեկանվեց, այլ երեկվանից մտավ օրինական ուժի մեջ: «Մատաղիսի գործով» արդարացվածներ Արայիկ Զալյանը,Մուսա Սերոբյանը, Ռազմիկ Սարգսյանը դիմել էին դատարան Գագիկ Ջհանգիրյանի դեմ` պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման (վիրավորանքի եւ զրպարտության համար 300 000-ական դրամ), հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և հայցվորների անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը ճանաչելու պահանջով:
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը տարբեր լրատվամիջոցներին տվածհարցազրույցներում ասել էր «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «դրանք մարդասպան են» (www.aravot.am) », «դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը» (www.lragir.am): ԱԺ պատգամավորի ներկայացուցիչ, փաստաբան վահե Հովսեփյանն էլ պնդել էր, առարկելով.« Ջհանգիրյանն իր կողմից արված հայտարարությունով դիտավորություն չի ունեցել հայցվորներին վիրավորանք հասցնելու և զրպարտելու»:
Աղբյուրը՝ http://www.aravot.am/2013/11/28/409510/