Գագիկ Ջհանգիրյանի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք
09:34, January 9, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՄատաղիսի գործ: Թերևս բոլորը այս արտահայտությունը լսելով վերհիշում են արդեն մեկ տարի առաջ ավարտված դատական գործընթացը և Մատաղիսում տեղի ունեցած դեպքերը:
Բոլորն են հիշում ինչպես արդարացվեցին տարիներ շարունակ դաժան սպանության մեջ մեղադրվող երեք երիտասրադները` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:
Արդարացման արդարացի դատավճիռը հրապարակվեց 2012 թ. հունվարի 18-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Հենց նույն օրը մի քանի լրատվական կայքերի լրագրողների հետ զրույցում Գագիկ Ջհանգիրյանը, ում զինդատախազ լինելու տարիներին մեղադրանք առաջադրվեց Ա. Զալյանին, Մ. Սերոբյանին, Ռ. Սարգսյանին, դատավճռի հրապարակումից հետո ասել է. «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:
Այս հարցազրույցով և երիտասարդների մասին ասված այս խոսքերով Գ. Ջհանգիրյանը վիրավորել և արատավորել է արդեն արդարացված երիտասարդների պատիվն ու արժանապատվությունը:
Ցանկանալով վերականգնել իրենց բարի անունն ու համբավը Ա. Զալյանը, Մ. Սերոբյանը, Ռ. Սարգսյանը 2013 թ. հունվարի 15-ին դիմել էին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցում և պարտավորեցնել Գ. Ջհանգիրյանին հայցվորներից հրապարակային ներողություն խնդրել :
2013 թ. հուլիսի 16-ին ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր հայցադիմումը` «Գ. Ջհանգիրյանի արտահայտություններում վիրավորական և զրպարտչական արտահայտություններ չտեսնելով»:
2013 թ. սեպտեմբերի 16-ին Արայիկ Զալյանի կողմից ներկայացվել էր վերաքննիչ բողոք, սակայն 2013 թ. նոյեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրել էր բողոքը մերժելու մասին որոշում:
2013 թ. դեկտեմբերի 26-ին Ա. Զալյանը վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկել է վճռաբեկ դատարան: Վճռաբեկ բողոքում դիմումատուն դատարանից խնդրում է` ամբողջությամբ բեկանել ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր կազմով քննության:
Այստեղ կարող եք ծանոթանալ վճռաբեկ բողոքին ամբողջությամբ: