«ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդն ընդդեմ ՃՈ. Դատարանը կայացրել է որոշում
14:02, February 18, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Մտքի, խղճի և կրոնի ազատություն | ՈստիկանությունԱրդեն շուրջ մեկ տարի է անցել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդ Արմեն Պետրոսյանի և Ճանապարհային ոստիկանության Գյումրու բաժնի աշխատակիցների միջև ծագած վեճից:
Հիշեցնենք, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդ Արմեն Պետրոսյանին 2013 թ. մարտի 15-ին ՃՈ աշխատակիցները անօրինական կարգով տեղափոխել էին ՃՈ, իսկ նրա վարած մեքենան՝ տուգանային հրապարակ: Ա. Պետրոսյանին մի քանի ժամ պահել էին ճանապարհային ոստիկանությունում, պատճառաբանությամբ, թե նա խախտում է կատարել, իսկ ավելի ստույգ՝ հոծ գիծ է հատել: Արմեն Պետրոսյանը անօրինական կարգով զրկվել էր ազատությունից, որի ընթացքում խախտվել էին նրա ազատ տեղաշարժի, անձնական ազատության և անձեռմխելիության իրավունքները:
Նկատենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013 թ. նախագահական ընտրություններից հետո, մասնավորապես ՃՈ աշխատակիցների Ա. Պետրոսյանին բերման ենթարկելու նախորդ օրը «ԳԱԼԱ» հեռուսաընկերության աշխատակիցները, որոնց թվում էր նաև Ա. Պետրոսյանը, լուսաբանել էին հօգուտ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպված ստորագրահավաքը: Այս ամենը հիմքեր է տալիս կասկածելու, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության վարորդի ազատազրկումը կապված էր հետընտրական գործընթացների հետ՝ նպատակ ունենալով խոչընդոտել ստորագրահավաքի լուսաբանումը:
Այս առիթով ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից նախ հանցագործության մասին հաղորդում էր ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազին, այնուհետև հայցադիմում էր ներկայացվել ՀՀ վարչական դատարան պահանջով՝ ճանաչել անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը, ճանաչել ոչ իրավաչափ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 2-րդ սպայական վաշտի աշխատակիցների գործողությունները (անգործությունը), անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2013 թ. մարտի 27-ին կազմված թիվ ԱԷ 326415 վարչական ակտը:
Այժմ մի շարք դատական նիստերից հետո դատարանը՝ նախագահությամբ դատավոր Էդ. Նահապետյանի, այս գործով կայացրել է վճիռ՝ բավարարել Ա. Պետրոսյանի և նրա ներկայացուցիչներ Արթուր Սաքունցի և Արայիկ Զալյանի հայցը մասնակի, այն է՝ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2013 թվականի մարտի 27-ին կազմված թիվ ԱԷ 326415 վարչական ակտը ճանաչել անվավեր, իսկ ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը ճանաչելու և ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասերով՝ մերժել:
Ստորև կարող եք տեսնել այս գործով դատարանի կայացրած վճիռն ամբողջությամբ: