ԳԱԼԱ-ի վարորդն ընդդեմ ՃՈ. տեղի ունեցավ նախնական դատական նիստը
11:03, May 20, 2013 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Տեղաշարժի ազատություն | ՈստիկանությունԳԱԼԱ հեռուստաընկերության լրատվական ծառայության վարորդն՝ ընդդեմ Ճանապարհային ոստիկանության:
Վարչական դատարանի Գյումրու նստավայրում այսօր քննության է առնվել սույն գործով ներկայացված հայցը և տեղի է ունեցել նախնական դատական նիստ: Հայցվոր Արմեն Պետրոսյանը՝ ԳԱԼԱ հեռուստաընկերության վարորդը, դատարանից պահանջում է անօրինական ճանաչել Ճանապարհային ոստիկանության Գյումրու ներկայացուցիչների կողմից մարտի 25-ին թույլ տված գործողությունները, ինչպես նաև կազմված այն վարչական ակտը, ըստ որի՝ Արմեն Պետրոսյանը քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում խախտել է ճանապարհային երթևեկության կանոն՝ հատելով հոծ գիծ: Դրա մասին վարորդը ոչ թե գրավոր ծանուցում է ստացել, ինչը ՀՀ օրենքով է սահմանվում, այլ ճանապարհային ոստիկաններն այցելել են վերջինիս բնակարան և բռնի ուժով փորձել նրան տանել ոստիկանություն: Բացի այդ, երեք օր շարունակ նրա մեքենան անօրինական կերպով պահվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակում, որից հետո միայն վարորդին ներկայացվել է գրավոր ծանուցումը: Այսօր կողմերը դատարանին ներկայացրել են գործին վերաբերող փաստաթղթերն՝ իրենց ապացույցներով, մի շարք միջնորդություններ են արվել: Արմեն Պետրոսյանի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը դատարանին միջնորդել է որպես վկա դատարան վկայակոչել ԳԱԼԱ-ի 3 լրագրողներին, ովքեր ներկա են գտնվել տեղի ունեցած միջադեպին, բացի այդ նաև՝ ԳԱԼԱ-ի վարորդի կողմից թույլ տված խախտումը արձանագրած ոստիկանության ներկայացուցիչներին: Պատասխանող կողմը ներկայացնող Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչն իր հերթին դատարանին միջնորդել է որպես վկա հարցաքննել հայցվոր Արմեն Պետրոսյանին: Բոլոր միջնորդություններն ընդունվել են դատարանի կողմից: Շուտով կմեկնարկի գործով դատաքննությունը: