ԳԱԼԱ հեռուստաընկերության վարորդն ընդդեմ ճանապարհային ոստիկանության
09:32, May 17, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Տեղաշարժի ազատություն | Ոստիկանություն2013 թ. մայիսի 18-ին՝ ժամը 15:15-ին, ՀՀ վարչական դատարանի Գյումրու նստավայրում նշանակված է ԳԱԼԱ հեռուստաընկերության վարորդ Արմեն Պետրոսյանն ընդդեմ ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցների գործով նախնական դատական նիստ:
2013 թ. մարտի 25-ին ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն առանց որևէ իրավական հիմք ներկայացնելու, շուրջ երեք ժամով ազատազրկել են Արմեն Պետրոսյանին, իսկ նրան պատկանող ավտոմեքենան՝ երեք օր ապօրինի պահել ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում:
Ոստիկանության աշխատակիցը նրան տարել է ճանապարհային ոստիկանության պետ Ա. Կարապետյանի մոտ, որն էլ հայտնել է, իբր ինքը Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի վրա կատարել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, մասնավորապես, իբր նա հոծ գիծ է հատել: Արմեն Պետրոսյանը պատասխանել է, որ նման խախտում չի կատարել, որից հետո ոստիկանության աշխատակից Գրիգորյանը հանձնարարել է պետավտոտեսուչներին վարչական իրավախախտում կատարելու վերաբերյալ ակտ կազմել, ըստ որի Ա. Պետրոսյանը ենթարկվել է 5 000 ՀՀ դրամ վարչական պատասխանատվության:
Արմեն Պետրոսյանը դիմել է վարչական դատարան՝ խնդրելով ճանաչել իր ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտման փաստը, ՀՀ ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունները, ինչպես նաև՝ անվավեր ճանաչել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից կազմված վարչական ակտը:
Դատարանում որպես Արմեն Պետրոսյանի ներկայացուցիչներ հանդես կգան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և իրավաբան Արայիկ Զալյանը:
Գործով նախորդ հոդվածը՝ http://archive.hcav.am/events/ճանապարհային-ոստիկանության-պետի-հետ