Գեւորգ Կոստանյանի դեպքում շատ ավելի դաժան է լինելու
09:40, October 2, 2013 | Նորություններ | Տեղական ժողովրդավարություն, Քաղաքացիական վերահսկողությունՄեր զրուցակիցն է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը
Պարոն Սաքունց, ԱԺ-ում գլխավոր դատախազի թեկնածության օգտին քվեարկության արդյունքն արդյոք քաղաքական դաշտի սնանկության փաստագրումն էր:
Սա ցույց տվեց, որ ԱԺ 103 պատգամավորներ իրենց անձնական շահն ավելի բարձր դասեցին, քան ՀՀ արդարադատության, ՀՀ քաղաքացիների շահը և գերադասեցին իրենց ստրկական նվիրվածությունը հաստատել ապագա գլխավոր դատախազին, որպեսզի ապահովագրեն իրենց սեփական անվտանգությունը՝ քաջ գիտակցելով, որ թաղված են այնպիսի քրեական գործերի մեջ, որոնք հետապնդումների հիմք կարող են հանդիսանալ: Դրանից խուսափելու նպատակով էլ կողմ քվեարկեցին: Այս արդյունքները ևս մեկ անգամ հավաստում են ՀՀ-ում արդարադատության ոչնչացման հերթական փորձի քվեարկությունը, հաստատում են ՀՀ-ում իրավունքի գերակայության սկզբունքի ոչնչացումը և ամրապնդում են վախի մթնոլորտը:
Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ Սերժ Սարգսյանի որոշումը կանգ առավ Գևորգ Կոստանյանի վրա. մամուլում շրջանառվում էին նաև մի քանի այլ անուններ:
Նախ նշեմ, որ մամուլի դերը գլխավոր դատախազի թեկնածուների լուսաբանման հարցում համարժեք չեմ գնահատում, քանի որ ինձ մոտ այնպիսի տպավորություն է թողնում, որ կարծես կամ չեն խորացել իրավիճակի մեջ, կամ գիտակցաբար այնպիսի քննարկում էին կազմակերպում, որպեսզի Գևորգ Կոստանյանի՝ որպես միակ թեկնածուի ֆենոմենն ավելի շատ քողարկվի, որովհետև առնվազն պետք է միամիտ լինել՝ մտածելու, որ բացի Գևորգ Կոստանյանից, կարող էր լինել այլ թեկնածու: Հիմնավորեմ, թե ինչու. նախ՝ Գևորգ Կոստանյանը ՀՀ իշխանություններին մեծ ծառայություններ ունի մատուցած՝ հանդես գալով եվրոպական դատարանում որպես կառավարության ներկայացուցիչ և պատասխանատու:
Երկրորդ՝ իր ծառայությունների մատուցման տրամաբանության հիման վրա է, որ նրան 2011-ին նշանակեցին զինդատախազ, չնայած Գևորգ Կոստանյանին զինդատախազ նշանակելու որևէ տրամաբանական հիմք չկար: Եվ երրորդ կարևոր փաստը սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում Գևորգ Կոստանյանին ներգրավելն էր, որովհետև ըստ էության այդ հանձնաժողովում ընդգրկվում են ոչ միայն մասնագետները, այլ նաև համապատասխան իրավական կառույցների ներկայացուցիչներն առաջին դեմքով՝ ՍԴ նախագահ, Արդարադատության նախարար, բայց գլխավոր դատախազությունից ներկայացվում է հենց զինդատախազը, ինչն ինձ համար տարօրինակ է:
Երբ գլխավոր դատախազի փոխարեն առաջարկվում է զինդատախազը և ոչ թե, օրինակ, Աղվան Հովսեփյանի տեղակալներից մեկը, սա արդեն իսկ բոլոր կասկածները պետք է փարատեր:
Մյուս կարևոր փաստը՝ երբ զինդատախազ նշանակվեց Գևորգ Կոսնտանյանը, ինչը միանշանակ նախագահական նստավայրի որոշումն էր, առաջ եկան զինդատախազ–գլխավոր դատախազ հակասություններ, որոնք դրսևորվեցին մի քանի գործերով, որոնցից առնվազն երկուսին ես տեղյակ եմ. մեկը՝ Սարգիս Պողոսյանի հայտնի գործն է, երբ առանց դատարանի որոշման նրան Նուբարաշեն ՔԿՀ-ում կալանքի տակ պահելու հարցով երեք ՀԿ-ներ քրեական գործի հաղորդում էինք ներկայացրել և բողոքարկեցինք, իսկ վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց, որ իրապես տեղի է ունեցել իրավունքների խախտում, մենք սա դիտարկում ենք զինդատախազի ռևանշ գլխավոր դատախազի նկատմամբ, քանի որ գլխավոր դատախազի տեղակալի գրության հիման վրա են Սարգիս Պողոսյանին ՔԿՀ ընդունել: Երկրորդ՝ Հայկ Մովսիսյանի հայտնի գործն էր, որտեղ ռևանշի հնարավորություն ունեցավ գլխավոր դատախազը, երբ Հայկ Մովսիսյանին զինվորական ծառայությունից առողջական խնդիրների պատճառով զորացրելուց հետո մեղադրանք առաջադրեցին զինվորական ծառայությունից խուսափելու հիմքով, ազատազրկեցին երեք տարի, որից հետո նրան կախված գտան Ղարաբաղի ՔԿՀ-ում, իսկ վեց ամիս հետո մեղադրանքը բողոքարկվեց վերաքննիչում: Վերաքննիչ դատարանը գտավ, որ մեղադրանքը Հայկ Մողսիսյանի նկատմամբ անհիմն է եղել: Այսինքն՝ փաստեր, որոնք գալիս են ապացուցելու, որ մարդը, որը նշանակվում է զինդատախազ, հրապարակային հակասություններ ունի գլխավոր դատախազի հետ:
Սա նշանակում է, որ նա պետք է ունենա շատ լուրջ հովանավորչություն, որպես այդպիսի կարող է հանդես գալ նախագահական ինստիտուտը, և տրամաբանական է, որ Գևորգ Կոստանյանը պետք է նշանակվեր գլխավոր դատախազ: Եվ երբ լրատվական միջոցներն այս ընթացքում սկսեցին տարբեր թեկնածուների անուններ շրջանառել, դա ավելի շատ հանրային իմիտացիոն մրցակցության տեսարան սարքելու նպատակ էր հետապնդում, քանի որ միանշանակ էր, որ Գևորգ Կոստանյանը միակ և այլընտրանք չունեցող թեկնածու էր:
Ինչքանո՞վ է Գևորգ Կոստանյանը որպես գլխավոր դատախազ, պրոֆեսիոնալիզմի առումով հավակնում այդ պաշտոնին:
Այստեղ կարևորը ոչ թե կարողություններն են, ոչ թե փորձը, այլ կարևոր է, թե ով է լավագույն պատվեր կատարողը և ով է քաղաքական իշխանության համար լավագույն հարմար թեկնածուն… իհարկե Գևորգ Կոստանյանը: Նա որպես զինդատախազ բացարձակապես մասնագիտական կարողությամբ աչքի չի ընկել, ինչպես զինվորական հանցագործությունների գործերով շարունակվել են մեղադրանքները՝ ըստ նախօրոք մշակված պլանի, այնպես էլ հիմա կլինի: Նա փորձ արեց հանձաժողովի ստեղծման միջոցով որոշակի սքողել այս ամենը, բայց, ցավոք սրտի, դրան զուգահեռվեց Լիցկայի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական գործի հետապնդումը դադարեցնելու խայտառակ որոշումը, որն ի չիք դարձրեց այդ բոլոր իմիտացիաները: Բուդաղյանների հետ կապված քրեական գործի դեպքում նա ցույց տվեց, որ ամեն գնով ունի կամք և կարողություն՝ կատարելու քաղաքական որոշման պահանջը՝ հաշվի չառնելով իրավական կարգը:
Շատերը երանի են տալու Աղվան Հովսեփյանին: Այն, որ Աղվան Հովսեփյանը ռեժիմի ներկայացուցիչ է և անմիջական պատասխանատվություն ունի մարտի մեկի և հոկտեմբերի 27-ի քրեական գործերով, միանշանակ է, բայց գլխավոր դատախազը ուղղակի պատասխանատվություն ունի հսկողության, ցուցումներ տալու և ընդհանրապես քրեական գործի արդյունավետության համար, մեղադրական եզրակցությունների հաստատման համար, որոնց հիման վրա մարդիկ դատապարտվեցին, սա անվիճելի է: Աղվան Հովսեփյանը՝ որպես իշխանությունների պատվերն այս գործերով կատարող անձ, անմիջական պատասխանատվություն ունի, բայց առնվազն մի բան կարող ենք նշել, որ Աղվան Հովսեփյանը պատվերի շրջանակից դուրս չի եկել, չի ձգտել կատարել ավելին, քան քաղաքական պատվերները: Ես կասկած ունեմ, որ Գևորգ Կոստանյանը կձգտի քաղաքական պատվերները գերակատարել: Դրա համար եմ ասում, որ շատ-շատերը անգամ երանի կտան Աղվան Հովսեփյանի ժամանակներին:
Փաստորեն հասարակական կարծիքը որևէ ազդեցություն չունեցավ նաև այս դեպքում:
Այսօրվա իշխանությունը և հասարակական կարծիք հաշվի առնել հասկացողությունները իրար հետ անհամատեղելի են, եթե նման բան լիներ, ապա շատ հարցեր չէին լուծվի այնպես, ինչպես հիմա: Օրինակ՝ ՄՄ-ի միանալու վերաբերյալ հայտարարությունը՝ առանց համախոհների հետ հաշվի նստելու: Հասարակական կարծիքն ավելի շատ նշանակություն ունի քաղաքական հիմնարար որոշումներից դուրս գտվող խնդիրների լուծման ժամանակ, տասներորդական հարցերի հետ կապված:
Բայց այնպիսի կարևոր նշանակության հարցեր՝ գլխավոր դատախազ, ոստիկանապետ, ԱԱԾ պետ, պաշտպանության նախարար, ՊԵԿ, հենց ինքը Սերժ Սարգսյանը, պետք է արդեն հրաժարական տված լինեին, եթե հանրային կարծիքը հաշվի առնեին: Հանրային կարծիքի շղարշը պահպանելու համար տասներորդական նշանակության հարցերի դեպքում փորձում են իմիտացիոն ֆոն ստեղծել:
Այս նշանակումները նպատակ ունեն պաշտպանելու ռեժիմի քաղաքական շահերը, երկարացնելու ռեժիմի գոյությունը: Գևորգ Կոստանյանի դեպքում շատ ավելի դաժան է լինելու ռեժիմի հակառակորդների վիճակը, և ավելի մեծ մարտահրավերների մենք ականատես կլինենք, և կարող եմ ասել՝ Գևորգ Կոստանյանն այն ունիկալ ֆիգուրն է, որը համապատասխանում է ՄՄ արժեհամակարգին և ՄՄ փիլիսոփայության հակակարգը ներդնելու համար:
Աղբյուրը՝ http://www.lragir.am/index/arm/0/interview/view/88934