Գյուղապետին «սատկացնելը» գերակա հանրային շահից չի բխո՞ւմ, թե՞ ոմանց
00:00, June 20, 2011 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղեկատվության եւ խոսքի ազատությունԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը վճռեց, որ գյուղացին իրավունք չունի կարծիք հայտնել իր կողմից ընտրված գյուղապետ Վանո Եղիազարյանի գործունեության մասին, քննադատել նրան:
Խոսքը Լոռու մարզի Լեռնապատ համայնքի գյուղապետի մասին է, ով արդեն մեկ տարի կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով պետության` համայնքի բյուջեից 11 միլիոն դրամ յուրացնելու մեջ, բայց նրա նկատմամբ բավական չէ խափանման միջոց կալանք չի ընտրվել, այլ նույնիսկ նրա լիազորութունները չեն դադարեցվել, և նա շարունակում է պաշտոնավարել ու դատի տալ իրեն քննադատող համագյուղացիներին: Եվ քանի որ այդ քննադատություններն ու կարծիքները տարածվել էին «Ժամանակ» օրաթերթի միջոցով, դատարանը մեզ էլ էր ներգրավել որպես ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ կողմ:
Վերջերս բավարարվեց Վանո Եղիազարյանի հայցն ընդդեմ համագյուղացի Ղարիբ Միտիչյանի` պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորելու, զրպարտելու վերաբերյալ, սակայն մասնակի: Դատարանը Վանոյի պահանջած 3 մլն դրամից և դատական ծախսերից պարտավորեցրեց` վճարել 9,200 դրամ պետտուրք և 30,000 դրամ` վիրավորանքի և զրպարտության համար, քանի որ Ղարիբի` եկամուտ բերող ունեցած-չունեցածը երեք կով է, ինչպես նաև թերթում հրապարակել զրպարտանքը հերքող, իսկ վիրավորանքի մասով` ներողություն խնդրելու բովանդակությամբ տեքստեր: Բայց որպեսզի ընթերցողին հասկանալի դառնա, թե որքանով է դատարանը ճիշտ գնահատել գործում եղած հանգամանքները և իրավական գնահատական տվել, ամբողջ համատեքստում տեսնենք, թե ինչից է վիրավորվել ու «զրպարտվել» (այդ մասերը ընդգծված են) գյուղապետ Վանոն: Ղ.Միտիչյանը նշել է. «Սկզբնական շրջանում, ճիշտ ա, մենք գլխի չենք եղել, բայց վերջին շրջանում արդեն բացարձակ ձևով դեմքը բացեց (Վանո Եղիազարյանը.- հեղ.) ու սկսեց ժողովրդին վնաս տալը` ուժեղ կարգով: Ցանկապատի տակ թուփ էր դուրս եկել, խոտ բերելուց խանգարում էր: Կտրեցինք, էդ մարդը վեր կալավ` դատի ներկայացրեց: Թե ինչի՞, ո՞ր մեղքիս համար, որ իբր ընդդիմադիր եմ` բնությանը վնաս եմ հասցրել` 40,000 դրամ»:
Լրագրողի հարցին` բողոքարկե՞լ եք, նա պատասխանել է. «Չէ, ում տի բողոքարկեմ, պտի կառավարություն ըլնի, էս մարդը տասը տարի ա թալանով ա զբաղված, սրան ոչ մի բան չեն կարում անեն, բայց մի ամսվա ընթացքում ձեռս դնել տվին Ավետարանի վրա, որ սուտ չխոսեմ ու ասեմ` ծառ եմ հատիլ: Հիմա էրեխոնց բերնից կտրել եմ` 20,000 մուծել եմ, մնացածն էլ պտի մուծեմ: 6 տղա ունեմ, 12 թոռ: Էս մեծ տղուս համար, որ ինքը` գյուղապետը տնատեղ տվեց, 500 դոլար ուզեց, …հետո վեր կալավ ու նորից դատարան մտցրեց, թե ապօրինի շինություն ա: էդ 500 դոլարը չէինք տվել, գիտեինք ինչ մարդ ա էլի, ասինք` ամեն ինչ կանենք, նոր… Ես դիմել եմ մի քանի անգամ (գյուղապետին)` թոռս մահամերձ էր, տարել եմ 50,000-ի տեղը տվել ա 15,000 պարտքով, բայց հետագայում փող չըլնելու պատճառով վրես 50,000 գրել ա (օգնության ցուցակում, որը ևս քրեական գործի շրջանակներում քննության առարկա է դարձել), 15,000-ն էլ հեչ եմ անում: Էն օրը զանգել եմ հարսիս, ասում եմ` այ բալիկ, քու վրա էլ փող կա: Ասում ա` այ պապ, ես փող չեմ ստացել: Իմ անունով` 50,000, էն տղուս անունով` 50,000, էն մի տղուս անունով էլ, որ վապշե չի տվել, այսինքն` իրա ընկերն ա, ասել ա` Հովո ջան, բեր էդ 50,000-ը բենզին եմ առնում, ծախսեր եմ անում, տեղս նեղ ա, բայց ինչ նեղ…Սա հիմնարկի տարածք ա եղել, երկրաշարժից հետո եկել եմ պահակ եմ աշխատել, հիմնավորվել, ոչ տեղ, ոչ տուն: Էդքան երեխեն պահել, մեծացրել եմ: Էս պետությունից ես հիասթափված եմ: Փոխանակ ինձնից շնորհակալություն հայտնեն, ինձ դատի են ներկայացնում…Ամեն ինչում ճնշում ա. մի հատ տեղեկանքի ես գնում` կոպիտ ձևով պատասխանում ա, թե գնա, իմ աշխատաժամը չի, ես էլ չգիտեմ` էդ աշխատաժամանակը երբ ա՞: Եթե ես մի քիչ խելքս կորցնեմ` կտամ, կսատկացնեմ: Ախր մարդու հոգուն չի կարելի հասցնել…Անընդհատ սենց ոնց որ վախի մթնոլորտում ապրենք: Էս մարդը չի կարա մենակ անի, նա հովանավոր ունի: Քուրն էլ, հորեղբոր աղջիկն էլ բացահայտ ասում են` դուք ինչ կարաք անեք, վեց ամիս ինչ արիք, որ հմի ինչ անեք: Մենք լավ պաշտպաններ ունենք, հարազատներ»: Հետաքրքիր է, որ Վանոն չի հերքել Միտիչյանի տան որոշ անդամների անուններով (բացի հարսից) որպես օգնություններ դուրս գրված 50,000-ների, 10 տարի թալանով զբաղվելու և ունեցած հովանավորների վերաբերյալ հայտարարությունը ու չի վիրավորվել դրանցից, սակայն փոխարենը վիրավորվել է «Դաժե չի թողացել ցորեն ցանենք, ասել ա` ինչի՞դ ա պետք, խոտ արա` ծախի, բայց չէ՞ որ ես 6 երեխա եմ պահել մեծացրել, ուղարկել բանակ, հետո էդքան թոռ ունեմ…Բայց հիմա էդ հողի կարգն էլ ա փոխել էդ մարդը. չջրվող հողը դարձրել ա ջրովի, որ ավելի շատ հարկ վերցնի: Վրես 120,000 դրամ ա գրած ավելորդ, չգիտեմ` էդ գումարը որտեղից ա եկել…Եթե գյուղացին հողը պտի ջրեր` էսօր արդյունք ստանար, էս տարի էլ էդ կոմբայնի խաթր վեր կալանք հողերը անասնակեր սարքեցինք. իրան ձեռ չի տալիս: Ինքը ցորեն չունի, ժամանակ էլ չունի, որ գնա մարզպետարան, գնա կոմբայնի հետևից…Էս մարդը չի ուզում գյուղացիներին օգնի»: Հայցվորը զրպարտություն է համարել «Այդ տան փաստաթղթերը գյուղապետը պահել ու չի տալիս», «էն մեծ տղուս համար, որ ինքը` գյուղապետը տնատեղ տվեց, 500 դոլար ուզեց,…հետո վեր կալավ ու նորից դատարան մտցրեց, թե` ապօրինի շինություն ա» արտահայտությունները` նշելով, որ դրանցով վնաս է հասցվում իր պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին: Իսկ Միտիչյանի մյուս երկու արտահայտությունները` «Եթե ես մի քիչ խելքս կորցնեմ` կտամ, կսատկացնեմ», «Դաժե չի թողացել ցորեն ցանենք» Վ. Եղիազարյանը համարել է վիրավորանք, քանի որ դրանցից առաջինը հասցեագրվում է անասունին և ոչ մարդուն, իսկ երկրորդում Վանոն ներկայացվում է որպես բռնակալ: Վերջին արտահայտությունը դատարանը զրպարտանք չի համարել:
Պատասխանողի շահերը դատարանում ներկայացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը հայցի պատասխանում նշել է, որ Միտիչյանի արտահայտություններում չկա զրպարտություն և վիրավորանք, քանի որ նա կարծիք է հայտնել` հիմնվելով նաև Վանո Եղիազարյանի նկատմամբ հարուցված քրգործով ձեռք բերված այն նյութերի վրա, որոնց վերաբերյալ հաղորդագրություն էր տեղադրվել ՀՀ գլխավոր դատախազության էլեկտրոնային կայքում: Սակայն դատարանը հայցը բավարարել է` հետևյալ պատճառաբանություններով. գտել է, որ Միտիչյանի տղային տնատեղ չի տվել ու փաստաթղթերն էլ չի պահել, որովհետև այն ժամանակ չի եղել և նման իրավասություն չունի գյուղապետը. 1999-ից է գյուղապետ աշխատում, իսկ պատասխանողը երկրաշարժից հետո է զբաղեցրել այդ տարածքը: Բայց դատարանը միևնույն ժամանակ ընդունել է, որ գյուղապետը ավագանու որոշմամբ կարող էր ուղիղ վաճառքի ձևով օտարել այդ հողն ու ինքնակամ շինությունը Ղարիբի որդուն: Հայցվորը Միտիչյանի որդու ինքնակամ կառույցը ճանաչել է որպես համայնքի սեփականություն, հետո կադաստրով սեփականացրել ու վաճառել Միտիչյանի որդուն: Բայց այդ գործընթացը սկսել է մեր երկու հրապարակումներից հետո, որպեսզի ցույց տա, որ զրպարտություն չկա: Դատարանը նաև գտել է, որ գյուղապետին «սատկացնելու» մասին արտահայտությունը վիրավորանք է, որովհետև այն պայմանավորված չէ հանրային գերակա շահով: Քրեական գործի նյութերի վրա հիմնվելով կարծիք հայտնելը դատարանը հիմնավոր չի համարել, քանի որ չկա Վանո Եղիազարյանի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:
Առաջին ատյանի դատարանի վճիռը պատասխանող կողմը կբողոքարկի: