Գյումրու զինկոմիսարիատի ոչ լիարժեք իրականացրած բուժզննության արդյունքում չի բացահայտվել զորակոչիկի մոտ զարգացող չարորակ ուռուցքը
12:44, December 27, 2013 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2013 թ. նոյեմբերի 25-ին ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ուղարկել այն մասին, որ 2012 թ. Գյումրի քաղաքի զինկոմիսարիատում նախազորակոչային հանձնաժողովը անփույթ վերաբերմունք է դրսևորել, և ոչ պատշաճ բժշկական հետազոտություն կատարելով 2012 թ. հունիսի 25-ին Ռուբեն Ներսիսյանին զորակոչել է պարտադիր զինվորական ծառայության:
Ծառայության ընթացքում Ռուբեն Ներսիսյանի մոտ զարգացել է չարորակ ուռուցք, որի պատճառով 2012 թ. հոկտեմբերի 23-ին կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի որոշմամբ Ռ. Ներսիսյանը ոչ պիտանի է ճանաչվել զինվորական ծառայությանը և զորացրվել պահեստազոր: Մինչ չարորակ ուռուցքի հայտնաբերումը Ռ. Ներսիյանին ենթարկել են վիրահատության, ուռուցքի հայտնաբերումից հետո կատարել են երկրորդ վիրահատությունը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդման հիման վրա նախապատրաստվել են նյութեր և ՀՀ ՊՆ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ժամկոչյանը կայացրել է որոշում ՀՀ քրեական օրենսքի 376 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշով քրեական գործ հարուցելու, գործը վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակից ուղարկված հանցագործության մասին հաղորդման և ՀՀ ՊՆ հատկապես կարևոր գործերի քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա. Ժամկոչյանի կայացրած որոշման հետ կարող եք ծանոթանալ ամբողջությամբ: