Դատաիրավական բարեփոխումներ` ըստ Արթուր Սաքունցի
12:21, June 21, 2012 | Նորություններ | ՈստիկանությունՀամայնքային ոստիկանությունը պետք է հաշվետու լինի համայնքին, օրենքով սահմանվեն դատավորների ու փաստաբանների էթիկայի կանոնները, և ՀՀ նախագահը դատավորներին նշանակի միայն ֆորմալ առումով. սրանք Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի՝ Հայաստանում դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ կոնցեպցիայի սեղմագրերն են:
«Այնպես որ, շատ ավելի լուրջ խնդիրներ կան, քան վարչապետի ասածներն են»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպանը:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ներկայացնելով ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների գործունեության ծրագիրը, դատաիրավական ոլորտի մասին խոսելիս նշել է, որ կառավարությունն իրապես խստացնելու է իրավապահ մարմինների կողմից անձի իրավունքների խախտման հարցում պատասխանատվությունը, և առավել խիստ պահանջներ է ներկայացնելու դատավորների և դատախազների մասնագիտական պատրաստման և բարոյական նկարագրի հարցում. «Կրճատելու ենք դատարանների կողմից գործերի քննության ժամկետները` խթանելով արտադատական միջոցներով վեճերի լուծման տարբերակները»,-ասել է Տիգրան Սարգսյանը:
Ուսումնասիրելով ոստիկանական համակարգում 2010-2011թթ.բարեփոխումների ծրագիրը, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարն հայտնաբերել է դատաիրավական բարեփոխման մասին վկայող ընդամենը երկու փաստաթուղթ՝ ոստիկանության պահվածքի և հատուկ միջոցների կիրառման մասին: Ինչն, ի դեպ, ԵԽԽՎ-ի առաջ մեր ստանձնած պարտավորությունների շրջանակում է:
«Չեմ տեսնում իրական բարեփոխում: Օրինակ՝ համայնքային ոստիկանությունը (որի մոդելը ներդրվում է- Tert.am ) ենթադրում է, որ հասարակական կարգի պահպանությունը պետք է ոստիկանությունից վերցվի և դրվի հանրային ու ենթահամայնքային ենթակայության տակ, և համայնքային ոստիկանապետին կամ պետք է նշանակի քաղաքապետը կամ նա պետք է ընտրվի տվյալ համայնքի բնակչության կողմից»,-ասաց Արթուր Սաքունցը:
Վերջինիս ամփոփմամբ՝ ինչպես ոստիկանությունում, այնպես էլ այլ ոլորտներում պետք է կատարվեն ինստիտուցիոնալ և կառուցվածքային փոփոխություններ:
Օրինակ՝ առաջարկվում է, որպեսզի դատախազական համակարգում, ինչպես նաև ոստիկանությունում, ներքին անվտանգության ծառայությունների կողմից ծառայողական քննությունների իրականացումը կատարվի անկախ կառույցի կողմից,այլ ոչ թե ոստիկանությունում կամ դատախազությունում գործող որևէ ստորաբաժանման:
Դատական ոլորտում Սաքունցը արձանագրում է հետևյալ փոփոխությունները. վերացվի ՀՀ նախագահի կողմից դատավորներին նշանակելու և ազատելու իմպերատիվ մանդատը, կարգապահական վարույթի տեսանկյունից վերացվի դատավորների կախյալ վիճակը գործադիրից. «Երբ գործադիրի տեսակետից՝ «ոչ պատշաճ» պահվածքի համար դատավորը հեռացվում է աշխատանքից»,-նկատեց Արթուր Սաքունցը:
Վերջինս նաև հավելեց, որ դատավորների վերաբերյալ կան ՄԱԿ-ի չափորոշիչներ, որոնք, օրենսդրական ուժ պետք է ստանան: Իսկ, առհասարակ, ըստ իրավապաշտպանի, ավելի շատ խրախուսվեն դատական իշխանության ինքնակառավարման մեխանիզմները:
Իբրև ասվածի հավելում, Արթուր Սաքունցը նշեց օրենդրական այլ փոփոխությունների մասին ևս: Մասնավորապես, քրեական դատավարության օրենսգրքում ներառվի դրույթ կողմերի հավասարության մասին, ինչը ներկայումս ամրագրված չէ, որպեսզի փորձաքննություններն իրականացվեն ոչ թե ՊՈԱԿ-ներում՝պետական ոչ առևտրային կազմակերպություններում, այլ իրապես անկախ փորձագիտական կենտրոններում:
Իրավապաշտպանի կողմից առաջարկվող բարեփոխումները չեն շրջանցում անգամ փաստաբանական ինստիտուտը՝ փաստաբանական ծառայությունը: Առաջարկվում է վերացնել Փաստաբանական պալատը, ինչպես նաև՝ հանրային պաշտպանի ինստիտուտում (որի միջոցով պետությունը վճարում է անապահով քաղաքացիների իրավական պաշտպանության համար- Tert.am ) գործող վճարային համակարգի փոխարեն գործի փաստաբանական մրցույթի սկզբունքը:
Աղբյուրը՝ http://www.tert.am/am/news/2012/06/20/datairavakan-volort/