Դատախազական հովանավորչություն. ո՞վ է հաջորդը
00:00, June 25, 2010 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՀետո զարմանում ենք, թե ինչու են հանցագործությունները շատանում. դատախազական հովանավորչության պատճառով:
Քանի դեռ չեն պատժվել հանցագործության բոլոր մեղավորները, ստիպված ենք լինելու համակերպվել այն մտքի հետ, որ մեզնից յուրաքանչյուրը կարող է մտնել ոստիկանական բաժին եւ այնտեղից այլեւս դուրս չգալ, կամ դուրս բերվել` ինչպես Խալաֆյանը:
Նրա մահվան դեպքում էլ կարծես շատ ավելի բարձրաստիճան եւ դեպքի համար պատասխանատվություն կրող պաշտոնյաներին Հատուկ քննչական ծառայությունը թողեց լուսանցքից դուրս` մեղադրանք առաջադրելով քրեական հետախուզության ընդամենը 4 աշխատակիցների:
Այս գործի շուրջ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը “Ժամանակ”-ի հետ զրույցում որոշ մեկնաբանություններ արեց: Թեեւ նախաքննությունն ավարտվեց, սակայն մի քանի կարեւոր հարցեր այդպես էլ չպարզաբանվեց, որոնք պետք է հաստատեին նախաքննական մարմնի առաջ քաշած` “ինքնասպանության” վարկածը: Օրինակ` որո՞նք են եղել Վահան Խալաֆյանի նկատմամբ կիրառված բռնության, “ինքնասպանության” շարժառիթները: Եթե Խալաֆյանն է ինքն իրեն դանակով հարվածել, ապա ինչո՞ւ են դանակի վրայից բացակայում Վահանի մատնահետքերը: Եթե ոստիկաններն են մաքրել, ապա ինչո՞ւ են մաքրել: “Տրամաբանություն չկա”, – նկատում է Ա.Սաքունցը: Փորձագիտական եզրակացությունից չի երեւում դանակի հարվածների հերթականությունը: Մեկ ուրիշ հարց` ինչպե՞ս կարող էր Չարենցավանի բաժնի պետի օպերատիվ հետախուզության գծով տեղակալ Սամվել Տոնոյանը չիմանալ տղաներին ապօրինաբար բաժին բերման ենթարկելու եւ քննչական գործողություններ անելու մասին: Եվ եթե չի իմացել, ուրեմն որպես պաշտոնյա իրավունք չուներ շարունակել իր լիազորությունները, սակայն նրան ավելի պատասխանատու պաշտոն են վստահել` բաժնի պետի լիազորությունները դրել են նրա վրա: ՀՔԾ-ն ուշադրություն չի դարձրել նաեւ այն հանգամանքի վրա, որ Տոնոյանը մշտապես հետապնդել, բռնության է ենթարկել Դավիթ Գյուլումյանին, ահաբեկել նրան եւ նրա ընտանիքի անդամներին: Այդ ամենը կոծկելը ավելի կասկածելի է դարձնում “ինքնասպանության” վարկածը:
Այժմ, ինչպես հայտնում է պաշտոնական լրատվությունը, ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի` թվով 4 աշխատակիցների` պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նախաքննությամբ մասնավորապես պարզել են, որ ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ (“ինքնասպանության է հասցրել” Խալաֆյանին): Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ ոստիկանության Չարենցավանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, նույն բաժանմունքի ավագ օպերլիազորներ Մ.Հայրապետյանին, Գ.Դավթյանին եւ Գ.Ղազարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:
Թեեւ նախաքննության օբյեկտիվությունն արդեն կասկածի տակ է, բայց գուցե հասնի դատարան` ի տարբերություն երկու այլ աղմկահարույց գործերի: Մեկը Լեւոն Գուլյանի մահվան փաստով (պաշտոնապես ինքն էր նետվել ոստիկանության ՔՀԳՎ շենքի պատուհանից, մինչդեռ հարազատները մինչ օրս էլ համոզված են, որ ոստիկաններն են նրան սպանել) հարուցված գործն էր, իսկ մյուսը` զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք պահելու մեջ մեղադրվող, ԱԺ պագամավոր, նախկին ազատամարտիկ Սասուն Միքայելյանի գործով դատակոչված 3 վկաների` Էդիկ Խաչատրյանի, Արսեն Մկրտչյանի եւ Յաշա Մելքոնյանի: Նրանք դատարանում հայտնել էին, որ իրենցից Սասուն Միքայելյանի դեմ ցուցմունքները կորզվել են ճնշումների, ծեծի արդյունքում: Մասնավորապես` Յաշա Մելքոնյանի կողոսկրը կոտրել էր Հրազդանի ոստիկանության պետի տեղակալ Սերգեյ Մարկոսյանը: Վերջինս պահանջել էր Մելքոնյանից, որ գրի, թե մարտի 1-ի գիշերը «միլիցա է ծեծել»: Մելքոնյանի որդու դեմ քրեական գործ էին սարքել` տանը թմրանյութ գցելով, ու դրանից հետո կեղծ ցուցմունքներ էին ստորագրել տվել: «Ես էն վիճակում էի, որ Դինքի սպանությունն էլ իմ վրա կվերցնեի», – դատարանում ասել էր ծեծված վկան: Հայտարարությունների հիման վրա քրգործ էր հարուցվել: Ոստիկանության աշխատակցի գործողությունների վերաբերյալ Յ.Մելքոնյանի հայտարարության հիման վրա հարուցված քրեական գործով նախաքննությունը գտնվում էր Հատուկ քննչական ծառայության, իսկ Է.Խաչատրյանի եւ Ա.Մկրտչյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործերը՝ Ազգային անվտանգության ծառայության վարույթներում: Սակայն դրանց մասին երկու կառույցներն էլ մոռացան. Սերգեյ Մարկոսյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին որեւէ գործ այդպես էլ չմտավ դատարան կամ գուցե մտավ, բայց ծածկադմփոց արեցին: Ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց, եւ եղավ Խալաֆյանի դեպքը: Արդյո՞ք սա ոստիկանների նկատմամբ դատախազական հովանավորչություն չէ եւ հիմք` նման նոր հանցագործության:
Ո՞վ է լինելու հաջորդը:
Աղբյուրը`http://www.zhamanak.com/article/15504/
Էլմիրա Մարտիրոսյան