Դատախազը կաշա՞ռք է վերցրել
00:00, November 29, 2010 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունԱյսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է Վահան Խալաֆյանի մահվան գործով դատավճիռ:
Ըստ այդմ, Չարենցավանի ոստիկանության քրեական բաժնի նախկին պետ, գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Չարենցավանի ոստիկանության օպեր լիազոր Մորես Հայրապետյանը դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ օպերլիազորներ Գագիկ Դավթյանն ու Գարիկ Ղազարյանն անմեղ են ճանաչվել:
Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը մինչեւ մահը եղել է այս վերջիններիս սենյակում: Դատավճիռն ընթերցելիս դատարանի դահլիճում չի եղել պետական մեղադրողը` Կորյուն Փիլոյանը: Դատավճռից հետո Աշոտ Հարությունյանի եւ Վահան Խալաֆյանի հարազատները, ովքեր դժգոհ էին դատավճռից, դալիճում եւ դահլիճից դուրս հայտարարել են, թե գլխավոր դատախազը կաշառք է վերցրել, եւ դատավարությունը գնացել է նման հունով:
Հիշեցնենք, որ Վահան Խալաֆյանը, ով ոստիկանության բաժին բերման էր ենթարկվել գողության կասկածանքով, ըստ պաշտոնական վարկածի խոշտանգումների էր ենթարկվել ոստիկանների կողմից, ապա ինքնասպանություն գործել` դանակի երկու հարված հասցնելով ինքն իրեն: Սակայն դատարանի դահլիճում պաշտոնական այս վարկածն այդպես էլ չապացուցվեց, նաեւ չքննվեցին ի հայտ եկած նոր հանգամանքները. տես http://lragir.am/armsrc/right41270.html:
Գնահատելով դատավճիռը, Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանն ասել է, թե կարող եմ հստակ մի բան ասել, որ սպանություններն ու ծեծուջարդը ոստիկանական բաժանմունքներում շարունակվելու են: