Դատախազն ընդդեմ Դերենիկ Գասպարյանի գործով կայացրած որոշման
00:00, June 1, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք2011 թ. հունիսի 2-ին՝ ժամը 10:30-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Կոտայքի մարզի դատախազության բողոքի քննությունն ընդդեմ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման:
2011 թ. մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ:
Դատարանը բավարարել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Ա.Զալյանի դիմումը՝ քննիչի կողմից քրեական գործը կարճելու մասին որոշումը վերացնելու եւ Կոտայքի մարզի դատախազությանը պարտավորեցնելու համապատասխան որոշում կայացնել բողոքարկված որոշման վերաբերյալ:
Ա.Զալյանը նշում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2011 թ. մարտի 18-ին ընդունված որոշումը ենթակա է բողոքարկման տասնօրյա ժամկետում, այնինչ տուժող կողմը ծանուցագիրը ստացել է 2011 թ. մայիսի 24-ին: Ա.Զալյանը նշում է, որ զրկված է եղել նաեւ վերաքննիչ բողոքին պատասխան ներկայացնելու հնարավորությունից, քանի որ այն չի ստացել:
«Կարծում եմ, որ ներկայացված վերաքննիչ բողոքը ժամկետանց է և ոչ մի բացատրություն տրված չէ, թե ինչ հիմքով է վերաքննիչ բողոքը ընդունվել վարույթ»-ավելացնում է Ա.Զալյանը:
Հիշեցնենք, որ Դերենիկ Գասպարյանը մահացել է հունիսի 5-ին Չարենցավանի թիվ 5 դպրոցում համադասարանցիների կողմից ծեծի արդյունքում: Տասնամյա Դերենիկ Գասպարյանի մահվան հետ կապված քրեական գործը հարուցվել է 46 օր ուշացումով և ոչ թե մահվան փաստի առթիվ, այլ` «մինչև մահը հասցված թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասի հատկանիշներով»: