Դատախազության որոշումը կապված է Ադրբեջանի կողմից Սաֆարովին հերոսացնելու հետ. Արթուր Սաքունց
05:58, October 22, 2012 | Նորություններ | Կյանքի իրավունք«Նախ հարցը պետք է սկսել այնտեղից՝ արդյո՞ք Վահրամ Մարգարյանը կատարել էր այդ սպանությունը, թե՞ ոչ: Չնայած գործի մանրամասներին ծանոթ չեմ, բայց խիստ կասկածում եմ, որ կատարել է: Իսկ այն, որ այստեղ կա քաղաքական ենթատեքստ, և մեր իշխանությունները ցուցաբերում են սելեկտիվ վերաբերմունք, դա միանշանակ է: Եթե Սաֆարովին հերոսացնելու հետ կապված այս աղմուկը չլիներ կասկածում եմ, որ դատախազը մեղադրանքը հետ կվերցներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով նույնպես գործի մանրամասներին լավ ծանոթ չէր, չբացառեց, որ դատախազի կողմից Վահրամ Մարգարյանին առաջադրված մեղադրանքը հետ վերցնելը կարող է կապված լինել նրա եղբորը կացնահարած Սաֆարովին հերոսացնելու հետ:
Իսկ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ գործում քաղաքական որևէ ենթատեքստ տեսնելը սխալ է. «Քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում, Վահրամ Մարգարյանն այդ սպանությունը չէր իրագործել և պետք է ազատ արձակվեր»:
Հիշեցնենք, որ դատախազ Ա. Աֆանդյանը հետ է վերցրել Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբորը` Վահրամ Մարգարյանին անցած տարվա օգոստոսի 2-ին Երևանի Զաքյան փողոցում տեղի ունեցած սպանության առնչությամբ առաջադրված մեղադրանքը: Այսպիսով՝ Վահրամն այլևս չի մեղադրվում սպանություն կատարելու համար, սակայն դեռևս մեղադրվում է ապօրինի զինամթերք պահելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով, որը, որպես պատիժ, նախատեսում է 3 ամսից մինչև 3 տարվա ազատազրկում: