Դատախազությունը «Հարսնաքար»-ի գործով փաստաբաններին ոչ թե տվել, այլ վերցրել է 5 օր
08:00, August 16, 2012 | Նորություններ | Կյանքի իրավունք | ՈստիկանությունԼուրեր.com-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանի հետ՝ ճշտելու, թե ինչ ենթատեքստ կար Ոստիկանությունից փաստաբաններին տրամադրված մեկ օրը Դատախազության կողմից փոխելու՝ հինգ օր դարձնելու մեջ, և արդյոք հինգ օրը բավարա՞ր է միջնորդություններ ներկայացնելու համար:
Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում ասաց, որ հինգ օրը բավարար չէ:
«Այն ծավալի վերաբերյալ, որ ուսումնասիրել էին փաստաբանները, նրանք իրենց միջնորդությունում լուրջ փաստարկներ էին ներկայացրել: Դա բավարար հիմք էր հարցադրումը, միջնորդությունները ներկայացնելու ժամկետը երկարացնելու և հիմնավորելու համար»,- ասաց Սաքունցը և հավելեց, որ հինգ օր տրամադրելն ուղղակի ստիպողական զիջում էր. «Չափից ավելի կացնային կլիներ, ասենք, չտրամադրելը»:
Վերջինս, կարևորելով հանրային պահանջը նշեց, որ ժամկետը չերկարաձգելու դեպքում հանրային պահանջը շատ ավելի լուրջ հիմնավորում էր ստանում:
«Պարզ կլիներ, որ դա ոչ թե ինչ-որ սիրուն աչքերի համար պետք է տրամադրեին, կամ դա ոչ թե ինչ-որ հասարակական կապրիզ է, այլ լուրջ, հիմնավոր պահանջ: Դատախազությունը լուրջ քայլ կատարեց՝ փոխելով Ոստիկանության կողմից տրված ժամկետի տևողությունը»,- ասաց նա:
Սաքունցը նշեց նաև, որ պետք է աշխատել լարված ռեժիմով, որ կարողանան հասցնել:
«Կաշխատենք լարված ռեժիմով: Ամեն ինչ պետք է թողնել և միայն դրանով զբաղվել: Բայց եթե նույն տեսակետից նայենք, ապա նույն մոտեցման դեպքում պետք է դիմենք նաև Դատախազությանը և Քննչական բաժին՝ ասելու, որ դուք ևս պետք է ամեն ինչ թողնեք ու միայն մի քրեական գործով զբաղվեք: Ասեմ ավելին, ենթադրենք վեց ամսվա ընթացքում պետք է ավարտվի նախաքննությունը, բայց տեսնում ենք, որ այդ վեց ամսվա ընթացքում իրենք ստիպված են ինչ-ինչ գործեր կատարել, այսինքն տրվում է երկարաժամկետ՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը, հնարավոր բազմաթիվ գործառություների միառժամանակ կատարելու անհրաժեշտությունը: Այսինքն Դատախազությունը և քննչական մարմինը այդ տեսակետից չմոտեցան, որ փաստաբանները կարող են նաև այլ գործեր ունենալ: Այսինքն պետք էր բավարար ժամկետ, որպեսզի մարդիկ իրենց մասնագիտական պարտականությունը կատարեն»,- ասաց Սաքունցը և հավելեց. «ինչևէ, փաստաբանները կհասցնեն, թեկուզ ուժերի լարումով, բայց կներկայացնեն անհրաժեշտ միջնորդությունները»:
Ժաննա Ալեքսանյանն էլ կարծիք հայտնեց, որ Դատախազությունը կարծես թե փորձել է շտկել իրավիճակը, որովհետև գործնականում երբեք նման բան չի լինում: «Միշտ պայմանավորվում են, ձեռք են բերում որոշակի ժամկետ: Մեկ օրը դա աբսուրդ է: Գործնականում չի կարող նման բան լինել, որ մեկ օր տրամադրեն: Կարծում եմ, գլխավոր քննչական վարչությունը նսեմացնելու մի ձև է ընտրել»:
Ալեքսանյանը նշեց նաև, որ փաստաբանները մեկ ամիս էին խնդրել, բայց եթե իրենք հինգ աշխատանքային օր են տրամադրել, ուրեմն այս դեպքում, ինչ արած, ավելի նորմալ է այս ժամանակը, քան մեկ օրը:
«Դատախազությունը ոչ թե տվեց՝ այլ վերցրեց այդ հինգ օրը, որպեսզի կարողանա պատասխանել փաստաբանների բարձրացրած խնդիրներին: Դատախազությանը և գլխավոր քննչական մարմնին փաստաբաններն այնքան միջնորդություններ են ներկայացրել, որ իրենց է ժամանակ հարկավոր: Ավելին, Դատախազությունն ինքն էլ հասկացավ, որ սա աբսուրդ է, այստեղ ակնհայտ դիտավորություն կա նսեմացնելու տուժողի իրավահաջորդներին: Ոստիկանությունն ի սկզբանե տանում էր նսեմացնելու քաղաքականությունը, երբ չէր գրանցում որպես տուժողի իրավահաջորդ, կարծում եմ, որ այսպես Ռուբեն Հայրապետյանին ծառայություններ են մատուցում»,- եզրափակեց Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը, համարելով, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012-ի հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված և վարչությունում քննվող քրեական գործով հավաքվել են բավարար ապացույցներ, հայտարարել է մի մասով նախաքննությունն ավարտելու և գործի նյութերը կողմերին՝ դրանց ծանոթանալու նպատակով տրամադրելու մասին:
Վահե Ավետյանի իրավահաջորդի և այժմ արդեն մնացած չորս տուժողների ներկայացուցիչներին, գործի նյութերը տրամադրելուց հետո տեղեկացրել են, որ միջնորդությունները պետք է տրամադրեն մեկ օրվա ընթացքում:
Նշենք, որ գործը բաղկացած է երեք հատորից, որոնց էջերի թիվը 1000-ից ավելի է:
Ավելացնենք, որ ավելի ուշ Դատախազությունը նախաքննական մարմնին հանձնարել էր երկարաձգել գործի նյութերին ծանոթանալու ժամկետը:
«Հարսնաքարի» գործով փաստաբաններին տրամադրվել է 5 աշխատանքային օր՝ գործի նյութերին ծանոթանալու համար:
Աղբյուրը` http://lurer.com/?p=35685&l=am