Դատական նիստ՝ ուսուցիչն ընդդեմ տնօրենի
00:00, May 14, 2008 | Արդար դատաքննության իրավունք2008թ. մայիսի 14-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում (դատավոր Բադիրյան, նստավայրը՝ Ստեփանավան) շարունակվեց Ամրակից գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի դեմ ներկայացված Նաիրի Արոնյանի հայցի քննությունը:
2008թ. նախագահական ընտրություններից հետո Ամրակից գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն՝ Ա. Ջանջուղազյանը, ազատել էր աշխատանքից Նաիրի Արոնյանին: Դպրոցի տնօրենի բացատրությամբ՝ նախագահական ընտրությունների շրջանում Ն. Արոնյանն անհարգելի պատճառներով բացակայել է աշխատանքից:
Նաիրի Արոնյանը հանդիսացել է թիվ 32/30 տեղամասային հանձնաժողովի անդամ՝ ներկայացված «Ժառանգություն» կուսակցության կողմից: Նախագահական ընտրությունների շրջանում նա պարբերաբար բացակայել է աշխատանքից տեղամասային հանձնաժողովում ստանձնած իր պարտականություններն իրականացնելու համար:
Ն. Արոնյանը նշել է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի՝ իր պարտականություններն իրականացնելու պատճառով բացակայություններն հանդիսանում են հարգելի, որի ընթացքում պետք է պահպանվեն հիմնական աշխատատեղը և աշխատավարձը:
Դատավոր Բադիրյանը, ընդունելով Ն.Արոնյանի միջնորդությունը, առանց պատասխանողի ներկայացուցչի սկսել է դատական նիստը:
Դատավարության ընթացքում Արոնյանը ներկայացրել է իր պահանջները: Այն է.
չեղյալ հայտարարել իրեն աշխատանքից ազատելու հրամանը
վերականգնել աշխատանքը
փոխհատուցել աշխատավարձը
վարչական պատասխանատվության ենթարկել Ա.Ջանջուղազյանին, քանի որ վերջինս ազատման հրամանի արձակման ժամանակ ընդամենը հանդիսացել է ուսուցիչ, չի եղել տնօրենի պաշտոնակատար և չէր կարող նման հրաման արձակել:
Միաժամանակ նա պնդել է, որ իր նկատմամբ անօրինականություններն գնահատում է որպես հետապնդում քաղաքական հայացքների պատճառով:
Դատարանը, հետազոտելով ապացույցների համար ներկայացված փաստաթուղթը, համարել է դատաքննությունն ավարտված և դատավճռի հրապարակման օր հայտարարել 2008թ. մայիսի 26-ը՝ ժամը 16:00-ն: