Դատական նիստեր Շիրակի եւ Լոռու մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում
00:00, June 16, 2011 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք, Տեղաշարժի ազատություն | Ոստիկանություն2011 թ. հունիսի 16-ին ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի ընդհանուր իրավասության դատարաններում տեղի ունեցան առաջին դատական նիստերը՝ վրացական պետհամարանիշներով ավտոմեքնենաների վարորդների ազատ տեղաշարժի սահմանափակման վերաբերյալ քրեական գործերի մերժման մասին որոշումները դատական կարգով բողոքարկելու վերաբերյալ:
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստը նախագահում էր դատավոր Մ.Սարոյանը, նիստին պատասխանող կողմից մասնակցում էր Շիրակի մարզի քննաչական բաժնի քննիչ Հ.Քաղցրկյանը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական նիստը նախագահում էր դատավոր Մ.Մելքոնյանը, պատասխանող կողմից մասնակցում էին Լոռու մարզի դատախազության դատախազ Ա.Պողոսյանը, Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Վ.Մարտիրոսյանը:
Որպես դիմում ներկայացրած անձ դատական նիստերին մասնակցում էր ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա.Սաքունցը:
Ա.Սաքունցի կողմից դատական նիստերի ընթացքում ներկայացվել են միջնորդություններ նախաքննության նյութերին ծանոթանալու համար:
Դատարանների կողմից միջնորդությունները բավարարվել են:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ա.Սաքունցը խնդրել է գործերը վերցնել և պատճենահանել հենց դատարանում, սակայն դատարանում պատճենահանման սարքի բացակայության պատճառով նման հնարավորություն չի եղել: Դատական նիստից հետո Ա.Սաքունցը գնացել է Շիրակի մարզի քննչական բաժին՝ գործերը պատճենահանելու համար: Քննչական բաժնում գործով քննիչը, խորհրդակցելով բաժնի պետի հետ, հայտնել է, որ դատարանի կողմից միջնորդությունը բավարարելու մասին որոշումը ստանալուց հետո գործի նյութերը կուղարկի դատարան, որից հետո միայն դիմում ներկայացրած անձը կարող է ծանոթանալ նյութերին:
Ի տարբերություն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը գործի նյութերը ծանոթանալու համար հենց դատարանում վերցրեց դրանք:
Դատական նիստերը հետաձգվեցին: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հաջորդ նիստը նշանակվեց 2011 թ. հունիսի 21-ին, իսկ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ 2011 թ. հուլիս 5-ին: