Դատական նիստ ՀՀ սահմանադրական դատարանում
00:00, September 7, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք2010 թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում /հասցեն` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 10/ տեղի կունենա դատական նիստ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի`«խախտվել» բառից հետո «նրա» արտահայտությունը հակասահմանադրական ճանաչելու պահանջով:
Գործի էությունը կայանում է նրանում, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Վանաձոր համայնքի ավագանու որոշմամբ համայնքի սեփականությանը պատկանող կիսակառույցը նվիրատվությամբ տրամադրվելու վերաբերյալ, մինչդեռ ՏԻՄ օրենսդրությամբ համայնքի սեփականությունը նվիրատվությամբ տրամադրելը հանդիսանում է օրենքի խախտում:
Կազմակերպությունը խախտումը վերացնելու համար հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան: Դատարանը գործը վարույթ չի ընդունել՝ պատճառաբանելով, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի համաձայն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձինք կարող են բողոքարկել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունները, անգործությունը, վարչական ակտերը միայն այն դեպքում, եթե դրանցով խախտվել են կամ կարող են խախտվել նրանց իրավունքները եւ ազատությունները:
Տվյալ պարագայում դատարանը եզրակացրել է, որ կազմակերպության որեւէ իրավունք ավագանու որոշման արդյունքում չի խախտվել: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ոք համարվում է համայնքի սեփականատեր, հետեւաբար՝ շահագրգիռ անձ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակն այնուհետև դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ ՀՀ վարչական դատարանի կողմից դրված սահմանափակումը դատական պաշտպանությամբ վերանայելու և տվյալ նորմը ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու պահանջով: