Դատավորն իրավապաշտպանին դահլիճից դուրս հրավիրեց
11:11, July 4, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱրտակ Նազարյանի մահվան գործով հուլիսի 3-ի դատական նիստին պետք է ցուցմունք տար ամբաստանյալ Մխիթար Մխիթարյանը։ Նա հրաժարվեց ցուցմունք տալ:
Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը Մխիթարյանին հիշեցրեց, որ վերջինս վկաների հարցաքննության ժամանակ ռեպլիկներ էր հնչեցնում, մի շաբաթ առաջ էլ դատարանում հայտարարել է, որ ցուցմունքներ կտա և կասի ճշմարտությունը, ինչո՞ւ հիմա ցուցմունք չի տալիս, մի շաբաթում ի՞նչ է փոխվել: Ամբաստանյալն ասաց, որ ուղղակի միտքը փոխել է:
Դատավոր Սամվել Մարդանյանը հրապարակեց Մխիթար Մխիթարյանի նախաքննական ցուցմունքները, զինվորների հետ նրա առերեսման արձանագրությունները: Ամբաստանյալը նշեց, որ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքները ճիշտ են, իսկ առերեսման ժամանակ զինվորների՝ իր դեմ տված ցուցմունքները` սխալ: Այդ զինվորները ցուցմունք էին տվել, որ Մ. Մխիթարյանը ծաղրալից տոնով է շփվել Արտակ Նազարյանի հետ:
Վկաների ցուցմունքներով` Մխիթարյանը մի անգամ հրաժարվել է իրեն պատկանող բջջային հեռախոսի լիցքավորման մարտկոցը տալ Նազարյանին, այդ մերժումից հետո Նազարյանը ձեռքով թեթևակի հարվածել է Մխիթարյանի ուսին և ասել` լավ չես անում, Մխիթարյանն էլ սեռական հայհոյանքներ տալով` հարվածել է Նազարյանին. ծեծկռտուք է սկսվել: Դատարանում Մխիթարյանն ասաց, որ ինքը բջջային հեռախոս և դրա լիքավորման մարտկոց չի ունեցել:
Նախաքննության ընթացքում Մխիթարյանը սկզբից ժխտել է, որ կապիտան Հակոբ Մանուկյանի և լեյտենանտ Արտակ Նազարյանի միջև ճաշարանում տեղի ունեցած վեճից և ծեծկռտուքից հետո ինքն է աղբյուրի մոտ լվացվելու ուղեկցել Արտակ Նազարյանին, ում քթից արյուն էր հոսում: Սակայն Հակոբ Մանուկյանի հետ առերեսման ժամանակ Մխիթարյանը խոստովանել է, որ ինքն աղբյուրի մոտ է ուղեկցել Նազարյանին: Մխիթարյանը դատարանում հայտարարեց, որ կապիտան Մանուկյանն իրեն չի հրահանգելՆազարյանին աղբյուրի մոտ ուղեկցել: Պատասխանելով մեղադրող Հարություն Հարությունյանի այն հարցին, թե իր դեմ ցուցմունք տված զինվորների հետ Մխիթարյանը լավ հարաբերություններ է ունեցել, ինքն ինչո՞ւ է նրանց ցուցմունքները կեղծ համարում, ամբաստանյալն ասաց, որ վկաները Ռազմական ոստիկանության նույն խցում են եղել, նրանց ցուցմունքները պայմանավորված են:
Մխիթար Մխիթարյանը դատարանում հայտարարեց, որ նախաքննության ընթացքում իրեն չեն ծեծել, չեն ճնշել, սակայն 9 օր նա անօրինական կերպով գտնվել է անազատության մեջ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մխիթարյանը նույն ժամանակահատվածում առերես հարցաքննվել է Հարութիկ Կիրակոսյանի և Արտակ Հովհաննիսյանի հետ:
Այնուհետև դատարանում ցուցմունք տվեց քրեական գործով գլխավոր ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանը: Գումարտակի հրամանատարի նախկին տեղակալին հարցեր տալուց առաջ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը նրան հորդորեց սուտ չխոսել: Իրավապաշտպանն ասաց, որ ինքը նախկինում պաշտպանել է բանակում զինվորների շահերն ընդդեմ սպաների, ոչ թե բոլոր սպաների, այլ ընդդեմ հանցագործ սպաների, զինվորական դատախազների, դատավորների, քննիչների: Դատավոր Մարդանյանը ձայնը բարձրացնելով, Մարտիրոսյանից պահանջեց իրեն կոռեկտ պահել, չափի մեջ լինել և կոնկրետ ասել, թե հանցագործ ո՞ր դատավորի, դատախազի, քննիչի մասին է խոսքը, և իրավապաշտպանին կոչ արեց ամպագորգոռ, անպատասխանատու հայտարարություններ չանել:
Ռուբեն Մարտիրոսյանն ասաց, որ միջնորդում է դատարանին դիմել Պաշտպանության նախարարություն, որտեղից տեղեկանք կտրվի վերոհիշյալի մասին: Ռ. Մարտիրոսյանը սկսեց թվարկել օրինազանց դատախազների, քննիչների անունները, հավելելով, որ ինքը նիստը նախագահող Սամվել Մարդանյանի դեմ 2002թ. «Իրավունք հետաքննություն» թերթում հոդված է հրապարակել:
Իրավապաշտպանը հարցեր էր ուղղում ամբաստանյալ Հակոբ Մանուկյանին, երբ դատավոր Մարդանյանը հայտարարեց, որ դահլիճից խմիչքի վատ հոտ է գալիս և հարցրեց, թե ով է ոգելից խմիչք օգտագործել: Ամբաստանյալ զինվորներից մեկի հայրը ոտքի կանգնեց, դատավորը նրան դահլիճից դուրս հրավիրեց: Դրանից հետո դատավորն ասաց, որ խմիչքի հոտը Ռուբեն Մարտիրոսյանից է: Վերջինս հարցաքննվող Հակոբ Մանուկյանի դեմ-դիմաց, դատավորին մոտ էր նստած: Ս. Մարդանյանն ասաց, որ Ռուբեն Մարտիրոսյանը գինովցած է,«խմած» և ամպագորգոռ հայտարարություներ է անում: Իրավապաշտպանը ըստ էության չժխտեց, որ ոգելից խմիչք է օգտագործել, հայտնեց, որ ինքը վատառողջ լինելու պատճառով դեղ է օգտագործում, ասաց, որ «օգտագործած» բառը մի բան է նշանակում, «խմածը»՝ այլ: Դատավորը դատական սանկցիա կիրառելով՝ դուրս հրավիրեց Ռուբեն Մարտիրոսյանին: Դատավորը նաև նախազգուշացրեց ներկաներին, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում չի կարելի նիստի ներկայանալ, այն անհարգալից վերաբերմուքն է դատարանի հանդեպ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը դատարանում Ռուբեն Մարտիրոսյանի վարքագիծը համարեց շատ պատշաճ, իրավիճակին համարժեք:
Պատասխանելով դատավարության մասնակիցների հարցերին` կապիտան Մանուկյանն ասաց, որ նախաքննության ընթացքում փորձ է արվել զինվոր Արման Մնացականյանի միջոցով իրեն մեղադրանք վերագրել, թե իբր ինքն է սպանել Արտակ Նազարյանին, սակայն համոզվելով, որ դեպքի պահին ինքը մարտական հենակետի ներքևի հատվածում է գտնվել՝ քննիչները հրաժարվել են այդ մեղադրանքից:
Դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 10-ին, Հակոբ Մանուկյանի հարցաքննությունը կշարունակվի:
ՈսկանՍարգսյան
Իջևան
Աղբյուրը՝ www.hra.am