Դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի կալանքի վերաբերյալ բողոքը
09:08, January 24, 2014 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | ՔաղբանտարկյալներՔրեական վերաքննիչ դատարանը քիչ առաջ մերժեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի բողոքը` իր պաշտպանյալի խափանման միջոցը երկու ամսով երկարաձգելու` Կենտրոնի դատարանի որոշման դեմ: Պետրոսյանն ասաց, որ քննիչը որևէ հիմնավոր պատճառաբանություն չի ներկայացրել Հարությունյանին կալանքի տակ պահելու համար: Նա միայն նշել է, որ վերջինս կարող է խոչընդոտել նախաքննությանը: «Շանթ Հարությունյանն ունի մշտական բնակության վայր, և, բնականաբար, հիմքեր չկան»,- ասաց Ինեսա Պետրոսյանը: Բացի դա, քննիչը նշել է, որ Հարությունյանը կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող վկաների վրա:
«Մինչդեռ գործով անցնող վկաները ոստիկանության աշխատակիցներ են, և սա ուղղակի ստանդարտ ձևակերպում է, ոչ ավելին: Որևէ ձևով փաստարկված չէ, որևէ նյութ ներկայացված չէ, թե նա ինչպես կարող էր ազդեցություն ունենալ այդ վկաների վրա»:,- ասաց Պետրոսյանը: Փաստաբանը դատարանին ներկայացրել է փաստարկներ այն մասին, որ չկան հիմնավոր կասկածներ Շանթ Հարությունյանի` իրեն մեղասգրվող արարքի հետ առնչություն ունենալու մասին: Հիշեցնենք, որ Հարությունյանին մեղադրանք է առաջադրված նոյեմբերի 5-ին քաղաքացիական հագուստով ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար այն դեպքում, երբ նա որևէ կերպ չէր կարող իմանալ, որ տվյալ անձը ոստիկան է:
Փաստաբանը հիշեցրեց նաև նույն գործով անցնող մյուս 13 անձանց մասին, ովքեր նույնպես կալանքի տակ են և համոզմունք հայտնեց, որ ինչպես Շանթի, այնպես էլ մյուսների նկատմամբ նմանատիպ վերաբերմունքի պատճառը քաղաքական է: Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում իր համակիրների հետ ցույց անցկացրած Շանթ Հարությունյանը հայտարարել էր հեղափոխություն անելու մտադրության մասին և փորձել շարժվել դեպի նախագահական նստավայր: Սակայն երթի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի էր ունեցել բախում, ինչի հետևանքով ձերբակալվել էր 38 մարդ, որից 14-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Նյութի աղբյուրը ` Newsbook.am