Դատարանը որոշեց, որ «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած երեխայի գործով վարույթ իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել խախտումներ
11:47, February 1, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Երեխաների իրավունքներՀայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են դատարանները, և մեկ անգամ չէ, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն իր անվստահությունն է հայտնել ՀՀ դատական համակարգի անկախության, անկողմնակալության և արդարության վերաբերյալ: Չնայած արձանագրում ենք, որ մեր երկրում էլ երբեմն կայացվում են արդարացի դատական ակտեր՝ գործելով բացառապես ՀՀ օրենսդրությամբ ամրագրված սկզբունքներին և դրույթներին համապատասխան: Նման որոշում կայացվեց նաև «Արաբկիր» բժշկական կենտրոնում մահացած Էլեն Փարսադանյանի գործով վարույթն իրականացնող մարմնի քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինականությունը վիճարկելիս:
2014 թվականի հունվարի 31-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ բժշկական կենտրոնում մահացած մանկահասակ Էլեն Փարսադանյանի գործով հերթական դատական նիստ:
Սույն գործով նախորդ դատական նիստը հետաձգվել էր դիմումատու Է. Փարսադանյանի մորը՝ Լուսինե Փարսադանյանին և նրա ներկայացուցիչներին գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորություն տալու պատճառով:
Դատական նիստի ընթացքում ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, հայտնեց, որ գործի բոլոր նյութերին ծանոթանալուց հետո պարզվել է, որ Է. Փարսադանյանի բժշկական քարտը /բաղկացած 75 թերթից/ կցված չէ գործի նյութերին, ինչը հնարավորություն չի տալիս հաստատել դատաբժշկական եզրակացության մեջ նշված բժշկական պատմության փաստերի իսկությունը:
Լ. Փարսադանյանի ներկայացուցիչներ Ա. Սաքունցը և Ա. Չատինյանը պնդեցին իրենց ներկայացրած բողոքը, որին հակառակ գործով վերահսկող դատախազը և վարույթն իրականացրած քննիչը առարկեցին ներկայացված դիմումի դեմ՝ գտնելով, որ նախաքննությունը կատարվել է օրենքին համապատասխան և քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում կայացվել է հիմքերի բացակայության պատճառով:
Դատավոր Ա. Մկրտչյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու և մի քանի րոպե անց հրապարակեց որոշումը, որով բավարարեց Լուսինե Փարսադանյանի, ինչպես նաև նրա ներկայացուցիչներ Ա.Սաքունցի, Ա. Չատինյանի և Ա. Զալյանի՝ ՀՀ ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնի քննիչ Գ. Ռ. Ագաջանյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու պահանջով ներկայացված դիմումը: Չբողոքարկելու դեպքում՝ սույն որոշումն ուժի մեջ կմտի հրպարակման պահից 15-օրյա ժամկետում, որից հետո գործը կուղարկվի լրացուցիչ նախաքննության: