Դատարանը Ժուլետա Ամարիկյանի գործով կայացրել է որոշում
13:58, February 26, 2014 | Նորություններ, Սեփական լրատվություն | Արդար դատաքննության իրավունք, Պացիենտների իրավունքներ2014 թ. փետրվարի 26-ին ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Ժուլետա Ամարիկյանի գործով կայացված վճիռը: Դատարանը քննում էր ՀՀ ԱՆ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Ավանի հոգեբուժական կլինիկայի տնօրեն Ա. Հակոբյանի՝ Ժուլետա Ամարիկյանին հարկադիր բուժման ենթարկելու պահանջով դիմումը:
Դատավոր Ա. Դավթյանը վճռեց մերժել Ավանի հոգեբուժական կլինիկայի տնօրեն Ա. Հակոբյանի դիմումը և դադարեցնել Ժուլետա Ամարիկյանի՝ հոգեբուժական հաստատությունում գտնվելու ժամկետը:
Հիշեցնենք, որ Ժուլետա Ամարիկյանին Ավանի հոգեբուժական կլինիկայում անհիմն տեղավորելու մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկացել էր ՀՀ նյարդահոգեբուժական բուժհաստատություններում իրականացվող մոնիթորինգի շրջանակներում Ավանի հոգեբուժական կլինիկա կատարած այցելության ժամանակ Ժուլետա Ամարիկյանի հետ ունեցած զրույցի արդյունքում: Այնուհետև, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, որպես Ժուլետա Ամարիկյանի շահերի պաշտպան, ներգրավել էր փաստաբան Տիգրան Հայրապետյանին:
ՀՀ Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2014 թվականի փետրվարի 26-ի վճիռն ամբողջությամբ կներկայացնենք այն՝ օրենքով սահմանված կարգով կողմերին տրամադրելուց հետո: