Դատարանում ցուցմունք է տալիս գործով առանցքային վկան
09:21, May 30, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՄայիսի 29-ին լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով դատական հերթական նիստին հարցաքննվեց գործով առանցքային վկա Արթուր Մկրտչյանը, ով նախորդ նիստերին չէր ներկայացել դատարան՝ Լեռնային Ղարաբաղում բանջար հավաքելու գնացած լինելու պատճառով:
Նիստին ներկա չէր գործով առանցքային մյուս վկա Արման Մնացականյանը, ով տեղեկանք էր ներկայացրել իր անառողջ լինելու և ստացիոնար բուժման անհրաժեշտության մասին:
Արթուր Մկրտչյանի մայրը գրությամբ դատարանին խնդրել էր որդու նկատմամբ պաշտպանական միջոցառումներ կիրառել, քանի որ ամբաստանյալ զինվորների ծնողներն իր որդու վրա ճնշումներ են գործադրում։
Արթուր Մկրտչյանը հարցերին պատասխանելիս շատ կաշկանդված էր, չէր համարձակվում նայել տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի, վերջինիս ներկայացուցչի, ամբաստանյալների կողմը: Գործով ամբաստանյալ, կապիտան Հակոբ Մանուկյանն այս առթիվ ռեպլիկ հնչեցրեց, թե Արթուր Մկրտչյանն ամաչում է իրենց նայել:
Ա. Մկրտչյանը դատարանում նշեց, որ նախաքննական ցուցմունքն իր ձեռքով է գրել, առանց ճնշումների։ Ռուբեն Մարտիրոսյանը հրապարակեց Արթուր Մկրտչյանի անցյալ տարի գրած այն գրությունը, որտեղ վերջինս նշել էր, թե ամբաստանյալ 3 զինծառայողների վերաբերյալ մեղադրական բնույթի ցուցմունքներն ինքը գրել է քննիչների ծեծի և ճնշման տակ: Երեկ դատարանում Արթուր Մկրտչյանը հայտարարեց, թե այդ գրությունն ինքը գրել է ամբաստանյալ 3 զինվորների ծնողների ճնշմամբ՝ որպեսզի վերջիններս «իրենից ձեռք քաշեն»:
Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը տարակուսանք հայտնեց, թե այդ գրությունն ինչպե՞ս է անհետացել գործի 10 հատոր նյութերից: Ռուբեն Մարտիրոսյանը վկային հիշեցրեց, որ վերջինս 2011թ. դեկտեմբերի 14-ին «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Նաիրա Բուլղադարյանի հետ հարցազրույցում հայտնել է, որ ռազմական ոստիկանության աշխատակից կապիտան Բադալյանն ու գործով քննիչ Սարգիս Մադաթյանն ծեծելով իրեն ստիպել են ծառայակից 3 զինվորների դեմ ցուցմունքներ տալ: Ռ. Մարտիրոսյանը վկային հարցրեց՝ այդ հարցազրո՞ւյցն էլ ինքը ճնշման տակ է տվել:
Ա. Մկրտչյանը ոչ համոզիչ կերպով ասաց, որ դատարանի շենքի դիմաց, Երևանի այգիներից մեկում տեղի ունեցած այդ հարցազրույցի ժամանակ իր դեմ-դիմաց գտնվել են ամբաստանյալ զինծառայողների ծնողները, որ դա ճնշում էր իր հանդեպ:
Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ այդ հարցազրույցը կայացել է անկաշկանդ ձևով, կա դրա տեսագրությունը և միջնորդեց այն կցել քրեական գործին: Դատավոր Մարդանյանը որոշեց, այդ հարցին անդրադառնալ դատական հետագա փուլում:
Վկան ցուցմունքներ տալիս հաճախ էր օգտագործում «չեմ հիշում» բառակապակցությունը: Երբեմն դա ասում էր այնպիսի դեպքերում, երբ չհիշելն անհնար էր: Օրինակ, երբ պատասխանում էր այն հարցին, թե օրերս ե՞րբ է Ղարաբաղ բանջար հավաքելու գնացել:
Ամբաստանյալ կապիտան Հակոբ Մանուկյանի պաշտպան Հրանտ Գևորգյանը մի քանի հարցեր ուղղեց վկա։ Արթուր Մկրտչյանը հարցերին պատասխանելով պատմեց, որ դեպքից հետո ինքը շուրջ 25 օր գտնվել է Բերդի ռազմական ոստիկանության կալանատանը, վկայի խոսքերով՝ «գուբախտում»: 10 օր հետո նրա մոտ են բերել իր եղբորը՝ նույնպես զինծառայող Վարդան Մկրտչյանին: Վերջինիս Ռազմական ոստիկանություն տանելու պատճառն անհասկանալի է, քանի որ Վարդանը չի եղել դեպքի վայրում, ծանոթ չի եղել Արտակ Նազարյանի մահվան հանգամանքներին: Վկա Արթուր Մկրտչյանի խոսքերով՝ ռազմական ոստիկանությունում գտնվելու առաջին 10 օրվա ընթացքում իրեն օրական մի քանի անգամ հարցաքննել են: Սակայն քրեական գործում առկա է նրա միայն 8 հարցաքննության արձանագրություն:
Դատական նիստը շատ լարված էր ընթանում, հաճախ վիճաբանություններ էին տեղի ունենում իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի և դատավոր Սամվել Մարդանյանի, Ռուբեն Մարտիրոսյանի և մեղադրող Հարություն Հարությունյանի միջև:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ցանկացավ միջորդություն ներկայացնել սույն գործով դատական նիստերը Երևան տեղափոխելու մասին, այնուհետև դատավոր Սամվել Մարդանյանին ինքնաբացարկ հայտնեց. դատարանը չընդունեց միջնորդությունները՝ մեկնաբանելով, որ դրանք պետք է ներկայացվեն դատաքննության համապատասխան փուլում։
Մայիսի 30–ի դատական նիստին կշարունակվի Արթուր Մկրտչյանի հարցաքննությունը:
Ոսկան Սարգսյան
Իջևան
Աղբյուրը՝ www.hra.am