Դա բարեկամության սոուսով ռուսական օկուպացիայի ամրագրման հուշարձան է. Սաքունց
18:12, December 2, 2013 | Այլ լրատվամիջոցներ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք | ՈստիկանությունՀելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն այն կարծիքին է, որ այսօր բերման ենթարկելով քաղաքացիական ակտիվիստներին՝ իշխանությունն ակնհայտ քաղաքացիների բողոքի ցույցը խափանելու, ամեն հնարավոր տարբերակներով խոչընդոտելու նպատակ ուներ: Սակայն ցույցը հաջողվեց, քանի որ, նրա խոսքով, հանդարտ չանցավ, ինչպես իշխանությունները կցանկանային.
«Մենք ցույց տվեցինք, որ Սերժ Սարգսյանը չի կարող հանդես գալ ՀՀ քաղաքացիների անունից, մենք ցույց տվեցինք, որ դեմ ենք Մաքսային միությանը, միաժամանակ ցույց տվեցինք, որ մեր այն համոզմունքները, որ այն, ինչ ՀՀ-ում կատարավում է, ապօրինությունների մի ամբողջ շարք է, որի հետ եթե մենք հաշտվենք հետագայում էլ, կամրագրվի ՄՄ-ին անդամագրմամբ, այսինքն՝ կդառնանք ապօրինության համակարգի մասը և կզրկվենք մեր իրավունքների պաշտպանության հնարավորություններից, որը Սերժ Սարգսյանը և հպատակները ուզում են հետևողականորեն ամրագրեն»,- ասաց Արթուր Սաքունցը:
Պատասխանելով այն հարցին, թե այն, որ հայ-ռուսական բարեկամության հուշարձանի բացմանը ներկա էր ոչ թե Պուտինը, այլ ՌԴ տրանսպորտի նախարարը, արդյոք արհամարհանք չէ՞ր, Արթուր Սաքունցը նկատեց, որ եթե Պուտինը վայրէջք է կատարում Գյումրիում՝ 102-րդ ռուսական բազայում, դրանով ասում է, որ առաջին հերթին իր համար նշանակություն ունի ռուսական բազան, ոչ թե ՀՀ-ն: Բարեկամության հուշարձանն Արթուր Սաքունցն անվանում է «բարեկամության սոուսով ռուսական օկուպացիայի ամրագրման հուշարձան»:
«Խիստ վիրավորական է, երբ քո նախագահի լիազորություններն իրականացնող անձը Ռուսաստանի տրանսպորտի նախարարի հետ է բացումը կատարում, այսինքն՝ մեզ մոտ նախագահի պաշտոնը հավասարեցված է ՌԴ տրանսպորտի նախարարի պաշտոնին: Սա է, որ մենք չէինք կարող հանդուրժել, բայց ամենից կարևորը՝ որ ըստ էության, իրավական ժողովրդավարական պետության հատկանիշների ոչնչացումից հետո Սերժ Սարգսյանն անցել է վերջին հատկանիշի ոչնչացմանը՝ ինքնիշխանության հատկանիշի ոչնչացմանը, որը մարտահրավեր է յուրաքանչյուրիս»,- հավելեց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը` http://www.1in.am/arm/armenia_politics_234762.html