Դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: Բավարարվեց Ժուլետա Ամարիկյանի գործով վերաքննիչ բողոքը
17:36, December 3, 2013 | Նորություններ, Սեփական լրատվություն | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Մտքի, խղճի և կրոնի ազատություն, Պացիենտների իրավունքներԴեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որն այս տարի նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակված «Կոտրել պատնեշները, բացել դռները. հանուն ներառական հասարակության և համընդհանուր զարգացման» խորագրի ներքո: Մոլորակի բնակչության 15%-ը /ավելի քան 1 միլիարդ մարդ/ հաշմանդամություն ունեցող անձինք են, ովքեր հանդիպում են հոգեբանական, ֆիզիկական, տնտեսական և վերաբերմունքային խոչընդոտների, որոնք խանգառում են նրանց դառնալ հասարակության լիարժեք անդամ:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրում են շուրջ 180 հազար հաշմանդամություն ունեցող անձ: ՀՀ-ում նույնպես հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են բազմաթիվ խնդիրների՝ խտրական վերաբերմունքի, ֆիզիկական արգելքների, որոնք խոչընդոտում են հասարակության մեջ ներգրավվելուն և իրենց իրավունքների լիարժեք իրացմանը և պաշտպանությանը:
Հաշմանդամություն ունեցող անձանցից շուրջ 20 հազարն ունեն հոգեկան հաշմանդամություն: Այս անձանց անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքի պատշաճ իրացման թեմայի շուրջ 2013 թ. նոյեմբերի 23-24-ին Երևանում տեղի ունեցավ Հոգեկան առողջության հարցերին նվիրված միջազգային գիտաժողով՝ կազմակերպված Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության կողմից: Գիտաժողովին մասնակցություն ունեցան միջազգային և ազգային փորձագետներ, շահագրգիռ անձինք, ինչպես նաև Ժուլետա Ամարիկյանը, ով հարկադիր հոսպիտալացման հետևանքով շուրջ մեկ ամիս անց էր կացրել հոգեբուժական հաստատությունում: Գիտաժողովի ընթացքում Ժ. Ամարիկյանը ներկայացրեց հոգեբուժական հաստատությունում ապրելու պայմանները, ինչպես նաև այն ապրումները, որոնք նա ունեցել էր հասարակությունից մեկուսացման արդյունքում:
Ի դեպ այսօր՝ հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից հրապարակվեց Ժուլետա Ամարիկյանի գործով որոշումը, որով ՀՀ վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ Ժուլետա Ամարիկյանին հոգեբուժարանում հարկադիր բուժման ենթարկելու մասին վճիռը: Դատարանն այս որոշումը կայացրեց այն հիմնավորմամբ, որ Ժուլետա Ամարիկյանի կողմից առաջին ատյանի դատարանում հանդես եկող անձը՝ Մ.Ա.-ն, պատշաճ ձևակերպված և նոտարական կարգով հաստատված լիազորագիր չի ունեցել, իսկ «դատարանն ըստ էության Մ.Ա.-ին որպես ներկայացուցիչ ներգրավելու հիմքում ըստ էության դրել է այն հանգամանքը, որ Ժուլետա Ամարիկյանը չի կարող հանդես գալ ինքնուրույն», ինչի արդյունքում խախտվել է նաև նրա օրենքի առաջ հավասարության իրավունքը:
Վերաքննիչ դատարանի կայացրած վճիռն ամբողջությամբ:
Հաշվի առնելով ՀՀ-ում ներկայումս ընթացքող բարեփոխումները՝ հուսով ենք, որ մոտ ապագայում հաշմանդամություն ունեցող անձինք ապահովված կլինեն այն բոլոր երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան նրանց լիարժեքորեն իրացնել իրենց իրավունքները, ներառյալ անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը: