Դիմել են ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարին
00:00, January 27, 2009 | Նորություններ | Եվրոպայի խորհրդի բանաձևերի և պարտավորությունների կատարում2009թ. հունվարի 27-ին Հելսինկյան Ընկերակցություն և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ հասարակական կազմակերպությունները հայտարարություն են ուղարկել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգին:
2009թ. հունվարի 15-17-ը Հայաստան այցելեցին Եվրոպայի խորհրդի մոնիտորինգային հանձնաժողովի հատուկ զեկուցողներ Ժորժ Կոլումբիեն և Ջոն Պրեսկոտը, ովքեր հանդիպեցին միայն իշխանության ներկայացուցիչների հետ: Այցելությունից հետո ներկայացրեցին իրենց եզրակացությունները Հայաստանում մարտի 1-2 դեպքերի վերաբերյալ 1609 և 1620 բանաձևերի կատարման ընթացքի մասին մոնիտորինգի հանձնաժողովի նիստին` 2009թ. հունվարի 26-ին, որի արդյունքում 2008թ. դեկտեմբերի 22-ին կայացած մոնիտորինգի հանձնաժողովի նախնական եզրակացության մեջ կատարվեցին մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում նախնական որոշված է Հայաստանի դեմ չկիրառել պատժամիջոցներ:
Մենք հայտարարում ենք, որ 1609 և 1620 բանաձևերի ոչ մի կետ չի կատարվել ՀՀ իշխանությունների կողմից`
• Չի բացահայտվել 10 զոհերի ոչ մի դեպք, ավելին` ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների օգտագործմամբ մահացած 3 անձանց իրավահաջորդները որպես տուժող ներգրաված են 7-ի գործով ընթացքող դատավարության մեջ:
• Շարունակվում են անօրինկան դատավարությունները, մասնավորապես` Սմբատ Այվազյանի դատավարությունը անցնում է առանց ամբաստանյալի:
• Կալանավայրերում քաղաքական հայացքների համար դատապարտված և կալանավորվածների նկատմամբ բռնության դեպքերը չեն բացահայտվում:
• Շարունակվում են բռնությունները դատական նիստերը լուսաբանող լրագրողների հանդեպ:
• Շարունակվում են հրապարակային միջոցառումներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ բռնությունները:
• Շարունակվում են ազատազրկված մնալ անձիք, որոնք մեղավոր են ճանաչվել միայն ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա:
• Ճնշումներ են գործադրվում վկանների վրա, որոնք դատապարտվում են:
• Ճնշումների են գործադրվում քաղաքական հայացքների համար դատապարտված անձանց նկատմամբ ներման խնդրագրեր ստանալու նպատակով: Ներում ստացած անձիք հիմնականում կապ չունեն ընդդիմության հետ:
• Շարունակվում են ճնշումները այլախոհության համար` անձիք հեռացվում են աշխատանքից, տեղի է ունենում բիզնեսի կասեցում:
• Օրենքի մեջ միտումնավոր կատարվել են փոփոխություններ, որոնց հետևանքով չի վերականգնվում Ա1+ հեռուստաընկերության գործունեությունը` անգամ Եվրոպական դատարանի որոշումից հետո:
• Հանրային ռադիո և հեռուստաընկերությունը շարունակվում է փակ և անհասանելի մնալ ընդդիմադիր քաղաքական գործիչների համար:
Վերնշյալյալ փաստրը խոսում են այն մասին, որ ՀՀ իշխանությունները չեն կատարվում ԵԽԽՎ 1609 և 1620 բանաձևերի պահանջները, և որևէ կամք չեն դրսևորում ժողովրդավարական բարեփոխումներ կատարելու համար:
Նման պայմաններում ՀՀ իշխանությունների նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելը գնահատում ենք անգործություն Եվրոպայի խորհրդի կողմից, և 1 քայլ ետ իր իսկ կողմից հռչակած ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներից:
Դիմում ենք ԵԽԽՎ բոլոր այն պատգամավորներին, որոնց համար ժողովրդավարությունը և մարդու իրավունքները սոսկ խոսքեր չեն, չտրվել Պրեսկոտի և Կոլումբիեի միակողմանի գնահատականներին և ուժի մեջ թողնել մոնիտորինգային խմբի դեկտեմբերի 22-ին ընդունած փաստաթուղթը, որը նախատեսում էր ՀՀ պատվիրարկության զրկել քվերկելու իրավունքից:
Ձեզնից է կախված Եվրոպայի խորհրդի` որպես ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքները դավանող կառույցի իմիջի պահպանումը:
Հելսինկյան Ընկերակցություն
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ