ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ վերջնական զեկույցը պատրաստ է
00:00, May 31, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունքՀայաստանում նախագահական ընտրությունների նախընտրական եւ քվեարկության փուլերը ընթացել են հիմնականում ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան, սակայն խնդիրներ են ծագել` հիմնականում քվեարկությունից հետո, ասված է ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից փետրվարի 19-ի ընտրությունների վերաբերյալ այսօր հրապարակված վերջնական զեկույցում:
«Թեեւ 2008 թվականի նախագահական ընտրությունները հիմնականում համապատասխանել էին ԵԱՀԿ պարտավորություններին եւ միջազգային չափանիշներին նախընտրական եւ քվեարկության շրջանում` լուրջ մարտահրավերներ ի հայտ եկան որոշ պարտավորությունների առնչությամբ` մասնավորապես ընտրության օրվանից հետո: Այն ցուցաբերեց անբավարար հարգանք ժողովրդավարական ընտրությունների հետ կապված հիմնական չափանիշների նկատմամբ եւ արժեզրկեց ամբողջ ընտրական գործընթացը: Հատկապես ձայների հաշվարկի գործընթացում ի հայտ եկան թափանցիկության եւ հաշվետվության թերություններ, իսկ բողոքարկման գործընթացները լիարժեք արդյունավետ չէին:
Հայաստանում առկա են հիմնավոր իրավական հիմքեր` ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար. մեր զեկույցում առանձնացված թերությունները ծագում են առկա օրենքների եւ կանոնների արդյունավետ եւ անկողմնակալ գործադրման վճռականության պակասի արդյունքում: Հայաստանի ընտրական համակարգը պահանջում է ոչ այնքան հետագա տեխնիկական կամ իրավական բարեփոխումներ, որքան անհարկի պետական միջամտությունից զերծ եւ ԵԱՀԿ-ի չափանիշներին համապատասխանող ժողովրդավարական ընտրական գործընթացին իշխանությունների` բոլոր մակարդակներով, ինչպես նաեւ այլ քաղաքական դերակատարների իրական նվիրվածություն:
Զեկույցը ներկայացնում է կոնկրետ առաջարկություններ Հայաստանում ընտրական համակարգի բարեփոխման ուղղությամբ` ներառյալ ընտրական գործընթացներում հասարակական վստահության պակասի հետ կապված միջոցառումներ, բոլոր քաղաքացիների համար ապահովելու ուժի գործադրումից եւ ահաբեկումից զերծ քվեարկություն, եւ հաստատելու հստակ սահմանազատում պետական կառույցների եւ իշխող քաղաքական կուսակցության միջեւ», նշված է զեկույցում:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ընտրությունների մոնիտորինգը իրականացրել է 44 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդների մասնակցությամբ` ԵԱՀԿ-ի անդամ շուրջ 40 պետություններից: Զեկույցը գնահատում է ընտրական գործընթացները ԵԱՀԿ պարտավորությունների, այլ միջազգային չափանիշների եւ ազգային օրենսդրության համապատասխանության տեսանկյունից:
Աղբյուրը՝ www.hra.am