ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԶԻՆԳՐՔՈՒՅԿՆԵՐ
00:00, May 27, 2008 | Մտքի, խղճի և կրոնի ազատությունՀունվարի 21- ին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին դիմել էր ՀՀ- ում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության խորհրդի նախագահը` հայտնելով, որ նշված կրոնական կազմակերպությանը հարող, ազատազրկման ձևով պատիժ կրած անձինք տարածքային զինկոմիսարիատների կողմից ստեղծվող խոչընդոտների պատճառով մինչ օրս չեն հաշվառվում:
Ըստ դիմումատուի, նրանք չեն կարողանում գրանցվել իրենց բնակության վայրերում, անձնագրում ունենալ օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականությունը հավաստող կնիք, ինչպես նաև զինվորական գրքույկ:
Այս խնդիրների կապակցությամբ Արմեն Հարությունյանը պաշտոնական գրությամբ դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին` առաջարկելով ներկայացնել պարզաբանումներ նշված դիմում- բողոքի վերաբերյալ:
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Պաշտպանի գրությանն ի պատասխան նշել է, որ վերոնշյալ խնդիրները քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախարարը նշել է. «հաշվի առնելով խնդրի վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները, ՀՀ Գլխավոր դատախազությունն առաջարկել է վերը նշված կարգավիճակ ունեցող անձանց հաշվառել ՀՀ ԶՈՒ պահեստազորում, ինչի առընչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը առարկություն չունի»: Նախարարը հայտնել է նաև, որ ՀՀ զինվորական կոմիսարին ցուցում է տրվել կազմակերպել նշված անձանց ՀՀ ԶՈՒ պահեստազորում հաշվառելու և զինգրքույկ տրամադրելու գործընթացը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
www.lragir.am