Երազանքն էր` եկեղեցի կառուցել
10:22, June 3, 2013 | Մամլո հաղորդագրություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունիսի 1-ին հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի տան մոտ հավաքած էին նրա հարազատները, բարեկամներն ու համակուրսեցիները:
2013 թ. հունիսի 3-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրազենային վնասվածքի հետևանքով մահացած կուրսանտ Սիփան Մովսիսյանի հարազատները Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աշխատակիցներին պատմեցին դեպքի որոշ մանրամասներ:
Սիփան Մովսիսյանի հարազատների խոսքերով` դեպքը տեղի է ունեցել 2013 թ. հունիս 1-ի` լույս 2-ի գիշերը: Դեպքի մասին հարազատները տեղեկացել են հեռախոսզանգով` հունիսի 2-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից: Սիփանի մորեղբայրը նույնիսկ չէր հիշում, թե կոնկրետ ժամը քանիսին են տեղեկացվել դեպքի մասին: Հարազատները տեղեկություններ չհայտնեցին միջադեպի պատճառների մասին: Միայն մորեղբայրը հայտնել է, որ դիակը բերել են հունիսի 2-ի երեկոյան:
Մայրը ողբալով պատմում էր, թե ինչպես է ծառայակցի կողմից վիրավորված Սիփանը, արյունաքամ լինելով մոտեցել կապիտանին եւ խնդրել փրկել իր կյանքը: Ըստ նրա` կապիտանն անմիջապես շտապօգնություն է կանչել, սակայն երակի վնասման եւ արյան կորստի հետեւանքով անհնար է եղել փրկել 20-ամյա Սիփանի կյանքը:
Սիփանը ապրում էր տնակում` մոր, տատիկի և երկու եղբայների հետ` ծանր սոցիալական պայմաններում: Նրա եղբայրներից մեկը ներկայումս ծառայում է Լեռնային Ղարաբաղում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գործի հետ կապված մանրամասն տեղեկություններ կտրամադրի հետագայում: